«Կարմիր բերետներ» ջոկատի մարտական ղեկավար գնդապետ Միշա Թադևոսյանն առաջնագծում է իր երկու տղաների հետ՝ 25-ամյա Լեոնիդի և 21-ամյա Աղվանի։
Լեոնիդը պատմում է, որ պատերազմի լուրը ստանալու պես զանգահարել է հորը, և իմանալով, որ հայրը նպատակ ունի ջոկատ կազմելու, միացել է, ինչից հետո սեպտեմբերի 30-ին շարժվել են Արցախ։
«Մայրս առաջին օրը մեզ հետ չէր խոսում, տրամադրությունն ընկած էր։ Սկզբում փորձում էինք այնպես անել, որ գոնե փոքր եղբայրս մնա տանը, սակայն այդպես էլ չհամոզեցինք։ Առաջին օրերին ես ու հայրս եկանք, մի քանի օր հետո նա էլ եկավ միացավ մեզ»,- հիշում է Լեոնիդը՝ հավելելով, որ արդեն բաժանում են կատարել այնպես, որ եղբայրներից մեկը մի հերթափոխի հետ լինի Արցախում, մյուսը՝ տանը՝ մոր ու քրոջ կողքին։
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ իրենք սեպտեմբերի 30-ից Արցախում են և ոչ մի զոհ չունեն, գալիս է հրամանատարների մեծ փորձից և կամավորներին մինչև դիրքերը բարձրանալը ճիշտ պատրաստելուց։ Ասում է, որ ջոկատում ընդհանրապես կապ չունի այն հանգամանքը, որ ինքը հրամանատարի որդին է, ինքը պարզապես շարքային զինվոր է․ «Այստեղ բոլորս հավասար ենք և՛ դիրքեր բարձրանալիս, և՛ այլ պարտականություններ կատարելիս։ Ամենաառաջինը կարգը պահողը ես պետք է լինեմ»։
Կարդացեք նաև
«Ակնկալում եմ, որ մեր հողերը հետ կվերցնենք, և ինչքան կարող է առաջ գնանք։ Տեսնելով, թե այստեղ ինչ հզոր տղաներ են, ինչ մտադրություններով, իրենց ընտանիքները, հոգսերը թողել, եկել են այստեղ՝ իրենց հայրենիքը պաշտպանելու, ես վստահ եմ։ Մենք մտադիր ենք մեր հողերը պաշտպանենք թշնամուց և առաջ գնանք, որ էլ չկարողանան ինչ-որ բան անել»,- ասում է Լեոնիդը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ