Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ տարածքները պետք է հանձնեն

Նոյեմբեր 10,2020 17:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերով ներկայացրեց վերջին իրադարձությունները՝ իր ելույթը վերնագրելով՝ «Իմ մեղքը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2018-ին, երբ ստանձնել է վարչապետի պաշտոնն ու ծանոթացել բանակցային գործընթացին, պետք է ժողովրդին գար եւ ասեր՝ ունենք տարբերակ՝ հինգ շրջանները վերադարձնել՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման կամ մենք ունենում ենք պատերազմ. «Ինչու չեմ ասել այն ժամանակ այդ մասին: Որովհետեւ, նախ՝ կարեւոր եմ համարել, որ փորձ անեմ այդ բանակցային տրամաբանությունը որոշակիորեն փոխեմ եւ, ըստ էության, ստացվում է, որ ինձ չի հաջողվել այդ բանակցային տրամաբանությունը փոխել: Ինչո՞ւ չի հաջողվել, որովհետեւ տարածքների հանձնման թեման միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցություներում շատ հստակ եւ տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել, այնտեղ չի եղել՝ տարածքների վերադարձ ո՞նց մեկնաբանենք սա: Սա վերադա՞րձ է, թե վերադարձ չէ, կիսավերադարձ է, եւ այսպես շարունակ»:

Վարչապետի խոսքով, եթե ինքը գար՝ ասեր «ժողովուրդ ջան մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը», պատասխանելու էին՝ ոչ. «Եվ, ես լինեի ձեր տեղը, էլի ասելու էի՝ ոչ, եւ արդյունքում ունենալու էինք նույն բանը: Եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ, ավելի վատ կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»:

Փաշինյանի խոսքով՝ խոսք է գնում այն մասին, որ եթե պատերազմից առաջ կային նախանշաններ, պետք է այն կանխվեր. «Այդ ժամանակ էլ պետք է գայի, ասեի, մենք էլի այսպիսի ընտրություն ունենք, կամ այս հինգ շրջանը հանձնում ենք առանց Լենային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու կամ պատերազմ ենք ունենում: Ինչո՞ւ չեմ եկել եւ ասել: Նախ՝ ես չէի ուզում, որ հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր եւ Արցախի ժողովրդի իրավունքների համար: Հիմա էլ եմ հավատում: Եվ երկրորդ՝ եթե գայի, ասեի՝ գիտե՞ք ինչ, ժողովուրդ ջան, հիմա մենք կամ էս ենք անում կամ էլ՝ պատերազմ ենք անում, ի՞նչ էր ասելու հայ հանրությունը, ասելու էր՝ չէ՞: Մի տաս օր առաջ «ցավոտ փոխզիջում»  արտահայտություն թույլ տվեցի, դա վատ արձագանք ունեցավ: Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը, ասելու էր՝ ոչ, մենք կգնանք, կկռվենք եւ կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները: Եվ արդյունքում մենք ստանալու էինք պատերազմ»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ հարցադրումը՝ եթե այդպես էր, ինչո՞ւ օրինակ՝ պատերազմի 3-րդ, 4-րդ, 5-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը:

«Նախ՝ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, եւ երկրորդ՝ պատերազմը կանխելու պայմանն, ըստ էության, նույնն էր: Այսինքն՝ եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա չէր փոխվում, պայմանը նույնն էր՝ հինգ տարածքի վերադարձ՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ ունենալու: Ինչո՞ւ չեմ եկել եւ դա չեմ ասել, որովհետեւ, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել եւ դրա համար փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը: Եվ երկրորդ՝ եթե գայի, ասեի, հայ հանրությունն ի՞նչ էր ասելու, ասելու էր՝ հա, եկեք այդ հինգ տարածքները հանձնե՞նք եւ խաղաղություն ունենա՞նք: Ընդ որում, պատերազմից հետո խոսքն այլեւս չէր կարող լինել հինգ տարածքների մասին, այլ լինելու էր յոթ տարածքների մասին՝ ընդ որում ավելի ընդլայնված սեգմենտով»:

Թե ինչո՞ւ այդ փուլերից որեւէ մեկում որոշում չկայացվեց, վարչապետն ասաց՝ մենք՝ պաշտպանության բանակը, Գլխավոր շտաբը, ուզում էինք բեկել պատերազմի ընթացքը. «Ե՞րբ է, որ կայացվեց այսպիսի ցավոտ որոշում, երբ արդեն ակնհայտ էր, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք: Եվ մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից: Ըստ էության, եթե մենք նայում ենք՝ ի՞նչ վիճակում ենք այսօր, հետահայաց, կարող ենք ասել, որ, եթե մենք մեկ տարի առաջ համաձայնված լինեինք հինգ շրջանների վերադարձի այդ բանաձեւին, ըստ էության, կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր, եւ դա ճշմարտություն է: Բայց ո՞վ է, որ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհ է: Շատ քիչ թվով մարդիկ, այդ թվում ես էլ չի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ այնքան անորոշություններ են բացվում, որ դա դառնում է խնդրահարույց եւ, ըստ էության, ստացվում է, որ մենք առանց պայքարի որեւէ բան հանձնեցինք եւ չփորձեցինք հանուն դրա պայքարել: Ես ինչքան վերլուծում եմ, իմ սխալները տեսնում եմ այս տիրույթում: Կարելի՞ է դա սխալ համարել, արդյոք դա բերում է պատասխանատվության: Այս իրավիճակն, իհարկե, բերում է պատասխանատվություն, եւ, ես լիուլի կրում եմ այդ պատասխանատվությունը, ամբողջապես, անձամբ եմ կրում: Բայց հետահայաց նայում եմ, ես գիտեմ՝ այդ լուծումներն ուղղակի անհնար էին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30