«Այս պահի դրությամբ մեր կոչն է պահպանել կայունություն: Բոլոր քայլերը, որոնք կարող են անկայունության բերել, վտանգելու են մեր պետականությունը և ավելի վատ հետևանքներ են ունենալու հայ ժողովրդի համար: Այս պահի դրությամբ հարկավոր է սառնասրտորեն ճիշտ գնահատել իրավիճակը և փորձել գտնել ելքը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոս») հայտարարեց, որ իրենք առաջարկում են ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որտեղ ներգրավված կլինեն մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ և կփորձեն մշակել ստեղծված իրավիճակից ելքի ուղիներ: Այս նախաձեռնությանը միացել է նաև Անդրիաս Ղուկասյանը:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ որոշակի ժամանակ է պետք, որ կարողանանք ճշգրիտ գնահատականներ տալ վերջին օրերին կատարված իրադարձություններին. «Շատ բաներ անսպասելի էին մեզ համար: Հաշվի առնելով տեղեկատվության պակասը՝ հիմա այս պայմաններում մեզ ժամանակ է հարկավոր, որ կարողանանք հաջորդ հանդիպմանն ավելի ամփոփ գնահատականներ տալ իրավիճակին և խոսել անելիքների մասին: Առաջին փուլում պետք է գնահատենք՝ ինչու այս որոշումն ընդունվեց, որոնք էին այն մարդիկ, որոնք ներգրավված էին այդ որոշումների ընդունման կազմի մեջ, ինչով է պայմանավորված այս որոշման ընդունումը: Հասկանալի է, որ ռուս խաղաղապահները մեկ րոպեում չհայտնվեցին, և այս բոլոր որոշումները նախապես էին ընդունվում: Այդ ամբողջը հավաքելու, շտկելու ենք, և հասարակական, քաղաքական գործիչների ու մտավորականության ներկայացուցիչների կողմից այդ ամբողջը հասկանալուց հետո մենք դա կներկայանենք հանրային դատին շատ կարճ ժամանակում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ