Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահագն Թեւոսյան. Պիտի հենց այսօրվանից պատրաստվենք հաջորդ պատերազմին

Նոյեմբեր 10,2020 15:47

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեղավորները պետք է պատժվե՞ն. Միանշանակ: Ով, որտեղ, ինչ ճամբարում էլ լինի, պիտի պատժվեն: Եթե ես էլ եմ մեղավոր՝ ես էլ պետք է պատժվեմ, չնայած հավատացած եմ, որ պատերազմի շարունակությունը կործանարար էր լինելու:

Պարտվե՞լ ենք. Ոչ: Հաջողել ենք չպարտվել, որովհետև պարտությունը, շատերիս ընկալմամբ, երկրորդ ցեղասպանությունը պիտի լիներ ու պետականության կորուստ: Բայց նաև չենք հաղթել, ու դա արդեն բավարար է, որպեսզի մեզ նվաստացած զգանք: Բայց մեզնից յուրաքանչյուրը տասնյակ օրինակներ կարող է բերել, երբ գլխովին ջախջախված ազգերը ներքին կամքի ու միասնականության շնորհիվ կարճ ժամանակում հետ են բերել իրենց կորցրածը՝ դեռ մի բան էլ ավելի:

Մենք ի՞նչ տանուլ տվեցինք. Ճակատամարտ, ոչ պատերազմ: Ինչպես և հաղթել էինք իննսունականների ճակատամարտում, սակայն դրա արդյունքները չհաջողեցինք ամրագրել վերջնական դիվանագիտական հաղթանակով: Ես չեմ տարանջատում նախկին-ներկա, քանի որ ինքս էլ եմ մասնակից եղել ստատուսքվոական-ոչմիթիզական մթնոլորտի ձևավորմանը, քանի որ ճակատամարտում հաղթանակը վերջնական նվաճում էր թվում, ու չէինք հասկանում, որ կարող է լինել այն գլխովին վերափոխող իրավիճակ, որը մի օր պիտի տեղի ունենար: Ցավոք արյան ծանր գնով, որովհետև մեր մեջ ուժ չգտանք հանրային առողջ դիսկուրս ձևավորելու ու հնարավոր զիջումների մասին խոսելու, չնայած գիտեինք, որ դրանք մեզ պարտադրվում են: Որովհետև տասնամյակներով հանրությանը սնել էինք անպարտելիության մասին ռոմանտիկ պատկերացումներով ու թուլացրել զգոնությունը:

Ի՞նչ պիտի անենք. Պիտի հենց այսօրվանից պատրաստվենք հաջորդ պատերազմին: Դա կլինի պատերազմ տարածքների համար, ինքնությունը չկորցնելու համար, երկրի զարգացմանը խոչընդոտող իրողությունների, թե յուրաքանչյուրիս ներքին դևերի դեմ՝ մեկ է. պատերազմը պատերազմ է, ու եթե չես հրաժարվում բանակից, նշանակում է գիտակցում ես պատերազմի հնարավորությունը: Քարտեզները հարափոփոխ են, առաջին պատերազմը սկսել է հազարամյակներ առաջ, վերջինի ավարտը մենք չենք տեսնելու:

Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ. Ազգի ամբողջ առողջ պոտենցիալը, անկախ գաղափարական նախապատվություններից, բոլոր նրանց՝ որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, ու գիտակցում են, որ ազգային ինքնագնահատականի անկումը բերում է անկյալության, ապատիայի ու էլ ավելի վտանգում դեռևս պահպանածդ: Ու անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր այս պահի դիրքում զգա ու կրի իր անհատական պատասխանատվությունը:

Ի՞նչ եմ զգում. Միաժամանակ տխրություն, բայց ոգեղենություն. ամոթ, բայց հպարտություն. ցասում, բայց աշխատելու մոլուցք: Ինձ թվում է՝ յուրաքանչյուրը, որ այսօրվա օրով չէ միայն, որ ապրում է, պիտի որ այս զգացումներն իր մեջ ունենա հիմա: Ու եթե այնպես է ստացվել, որ պետք է նոր մեկնարկ տալ, ապա դա պետք է անել անհապաղ, որովհետև հաջորդ պատերազմը՝ ինչ դաշտում էլ այն լինի, ինչ ձևով էլ այն լինի, իրեն երկար սպասեցնել չի տալու:

Որդիս վերադառնում է այսօր ճակատից: Բայց չեն վերադառնում իմ հազարավոր եղբայրները, որդիները, հայրերը, ընկերները: Բոլոր անունները հատ-հատ կարդացել եմ, հատ-հատ պատկերացրել եմ հարազատների ցավը, ու որպեսզի ավելի ցավա ու ազնիվ ցավա՝ մտքումս դրել եմ ինձ հարազատների տեղը բոլոր անտանելի մտապատկերներով: Ու էս ժողովրդական ցավի տակից պիտի նոր ընձյուղ արձակվի, ուզենք, թե չուզենք, դա գերնպատակ է: Հավերժ փառք ընկածներին, ում շնորհիվ մեզ այսօր այդ շանսը տրված է: Գամեք ինձ անարգանքի սյունին, եթե կարծում եք՝ կեղծում եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30