Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայն չենք, որ յոթ շրջան, գումարած Շուշին զիջվի, հինգ տարուց էլ ողջ Արցախը զիջվի, պահանջում ենք՝ պատգամավորները վերաբերմունք ցույց տան». Վահագն Չախալյան

Նոյեմբեր 10,2020 15:24

Այս պահին տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց են անում ՀՀ ԱԺ շենքի դիմաց: Նրանց մի մասը փակել է Բաղրամյան փողոցը: Ոստիկանները նրանց հորդորում են բացել փողոցը:

People hold a protest action in front of the National Assembly building after the declared truce between Armenia and Azerbaijan

People hold a protest action in front of the National Assembly building after the declared truce between Armenia and Azerbaijan

People hold a protest action in front of the National Assembly building after the declared truce between Armenia and Azerbaijan

Իսկ նրանք ոստիկաններին այսպես են պատասխանում. «Գիշերով թռնում, փաստաթուղթ են ստորագրում, գալիս…մենք փողոցը չենք բացելու: Ուզում ենք պատգամավորները գան, պատասխանեն մեր հարցերին: Ճանապարհ փակելով մենք դա ենք պահանջում»:

«Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը հիշեցրեց՝ ժամանակին զգուշացնում էր, որ լուրջ վտանգ է սպառնում մեզ. «Ազգի, երկրի անվտանգության խնդիր կա, և մարդիկ ժողովրդի պահանջը հաշվի չեն առնում: Այնպես մեծամտությամբ ցանկացած բարձրացված հարցի հանդեպ քամահրանքով էին պատասխանում, երբ մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրման օրով Լանզարոտեի կոնվենցիան գաղտագողի մտցրին ԱԺ: Այդ մեծախոս պատգամավորներն այսօր մկան ծակերն են մտել և չեն գալիս ԱԺ անգամ նրանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները հարցրին մեզ՝ կապահովե՞ք նրանց անվտանգությունը, պատասխանեցինք՝ ոչ մեկին մատով չենք կպնի»:

Վահագն Չախալյանն ասաց՝ իրենց մոտ մեծ կասկած կա, որ իրենք երկրում էլ չեն ու հորդորեց. «Ստուգեք՝ «Իմ քայլի» պատգամավորներն արդյոք ՀՀ-ո՞ւմ են, թե՞ լքել են արդեն ՀՀ-ն»:

Վահագն Չախալյանն ասաց՝ չորս ժամ առաջ դիրքերից են եկել ու վստահեցրեց՝ տղաներն այնտեղ են, այնպես չէ, որ դիրք են թողել, եկել. մեր դիրքերը շատ պինդ են:

Վահագն Չախալյանը նաև նշեց՝ լավ հասկանում են, որ հիմա այդ մարդիկ իրենց ծրագրերը տեղ հասցնելու համար պետք է նաև քաոս ստեղծեն երկրում ու նշեց. «Ամենևին պատահական չէր, որ երկրի վարչապետը, որը պետք է բոլորի վարչապետը լիներ, երեկ կոչ արեց վրեժի և իր կողմնակիցներին հորդորեց նույնիսկ մեզնից վրեժ լուծել: Ինչի՞ համար, որ մենք դեմ ենք, որ մեր երկիրը կործանվի»:

Լրագրողների դիտարկմանը՝ այդ խնդիրները կարո՞ղ են արդյոք լուծվել ԱԺ-ի գույքը կոտրելով, ինչի ականատեսն ենք լինում այս երկու օրերին, կամ ճանապարհ փակելով, Վահագն Չախալյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ արեցինք, որ ԱԺ-ի գույքը չկոտրվի, կոչով դիմեցինք ներկաներին: Հասկանում ենք, որ գույքը կոտրելով այս հարցը չի լուծվելու: Մենք դեմ ենք, կոչ ենք անում, որ օրենքի շրջանակներում այս հարցը լուծվի: Այս հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակներում: Գույք ջարդողներին մեր շրջապատից հանելու ենք»:

Վահագն Չախալյանի կարծիքով՝ այսօր այս պարագայում մի հատ էլ վրեժխնդրություն սկսել իրար դեմ՝ ներկա, նախկին անել, ճիշտ չէ: Այս առիթով ասաց. «Բոլորս մեղավոր ենք այս ամենի համար, հիմա երկիրը փրկելու ժամանակն է, մեղավորներ փնտրելու ժամանակ չէ: Անգամ ես, որ միշտ զգուշացրել եմ, բարձրաձայնել վտանգի մասին, ես ինձ խրամատի մեջ մեղավոր եմ զգացել, որ չեմ կարողացել ընկալելի բացատրել: Ով հազար դրամ գողացել է էս երկրից, մեղավոր է: Իսկապես կործանվում ենք»:

Վահագն Չախալյանը սխալ համարեց այն՝ ով չէր ալարում, զինվորականներին խորհուրդ էր տալիս: Այնուհետև առաջարկեց. «Հիմա պետք է օր առաջ ԱԺ պատգամավորները հավաքվեն, անվստահություն հայտնեն այս կառավարությանը: Տեսանք՝ այն ի վիճակի չէ պատերազմական իրավիճակում կառավարել երկիրը: Կլինեն մարդիկ, որոնք ի վիճակի են դա անել: Մեզ պետք է տեխնիկապես կազմակերպվել: Մեզ ձեռ էին առնում՝ օդը դարպաս չէ, որ փակեն: Ո՞վ էր ասում՝ օդը հարյուր տոկոսով փակեք: Երբ Հադրութում ինքնաթիռը երեք անգամ վրաներս ֆռաց, կասետային ռումբը լցրեց, ոչ մի խփող չեղավ: Գնաց, մեկ ժամ լիցքավորեց, նորից եկավ, բայց այստեղ հարցեր են առաջանում»:

Վահագն Չախալյանը վստահեցրեց՝ մենք զիջելու հայրենիք չունենք և վստահեցրեց՝ պետք է մեր զիջողի հոգեբանությունը փոխենք ու մեր ունեցվածքին տեր կանգնենք. «Թող այս իշխանությունը հեռանա, ով կարող է՝ նա գա, մենք հավակնություն չունենք: Ով կարող է կազմակերպել ռազմամթերքի հարցը, թող վերցնեն, այդ խնդիրները լուծեն: Մեր զինվորը հաղթում է, իրենք մեզ հետ «բլիժնի բոյ» չեն մտել բացարձակապես, իրենք ռմբակոծել են, ջարդել, սպանել են, էս մի քանի հարցը որ լուծվի, ամեն ինչ տեղը կընկնի: Մենք շատ ենք իրենց ջարդել, այնպես չէ, որ ներկայացնում են, թե անելանելի վիճակ էր: Էսպես հարված հայ զինվորի թիկունքից մենք չենք ստացել»:

Վահագն Չախալյանն ասաց՝ նոր է վերադարձել կռվի դաշտից, չի հասկանում ինչ է կատարվում: Չգիտի՝ ճանապարհ փակելը ճիշտ է, թե ոչ: Միայն հայտարարեց, որ իրենց պահանջը հետևյալն է. «Մարդիկ պիտի հասկանան, որ աթոռը չարժի հայրենիքի կորուստը: Արհեստական ձևով խոչընդոտվում է ԱԺ-ի աշխատանքները պատգամավորների անհարգալից պահվածքով: Մեր պահանջն է, որ պատգամավորները կատարեն Սահմանադրությամբ իրենց տրված պարտականությունը, պատգամավորները վերաբերմունք ցուցաբերեն ճակատագրական այս պահի մեջ գտնվող երկրի հանդեպ: Մենք համաձայն չենք, որ յոթ շրջան, գումարած Շուշի զիջվի, հինգ տարուց էլ ողջ Արցախը զիջվի: Հայաստանի մեջքի հետևից սենց որոշում ընդունելուն էլ համաձայն չենք»:

Վահագն Չախալյանն ասաց՝ հազարավոր հայորդիներ են կամավորագրվել առաջին օրվանից, տասնյակ հազարավորները սպասել են, որ իրենց զանգեն, ասեն ներկայանան: Բայց այդպես էլ չեն զանգել: Նա վստահեցրեց՝ շատ մարդիկ կան, ասում են՝ իրենց ասել են գնացեք տուն, կզանգենք, բայց այդպես էլ չեն զանգել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30