«Մեր նորագույն պատմության ամենածանր ու օրհասական օրերն ենք ապրում: Քիչ առաջ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ ՝հանդիպել եմ գեներալ գնդապետ Գասպարյանին, քննարկել իրավիճակը: Բայց մինչ այդ ուզում եմ ներկայացնել մեր կուսակցության գնահատականը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այս ամբողջ ընթացքում մենք, մեր կուսակցական ընկերները հայտարարություն ենք արել՝ սատար կանգնելու հայոց բանակին, երկու հայկական պետություններին՝ հնարավորինս զերծ մնալով ներքաղաքական սադրանքներից, հնարավորինս ամեն ինչ արել ենք աջակցելու մեր ԶՈՒ-ին…»,- այսօր ուղիղ եթերով ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ երկու հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իրենց մտահոգություններն ու գնահատականներն են ներկայացրել: Շարմազանովի խոսքով, 2,5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը փակուղի մտցրեց բանակցային գործընթացը, հակասական, էմոցիոնալ հայտարարություններով, որոնք վնաս էին հասցնում թե՛ Արցախին, թե՛ ՀՀ-ին. «Այնպիսի հայտարարություններով, ինչպիսիք են՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», «պետք երկխոսեմ Ադրբեջանի ժողովրդի հետ», «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» եւ նմանատիպ հայտարարություններ, որոնք թուլացրին հայկական կողմերի կառուցողական դիրքերը բանակցություններում: Այդ 2,5 տարվա ընթացքում Փաշինյանն ու իր մերձավորները միակողմանի խաղաղության քարոզ էին իրականացնում, նույն այն ժամանակ, երբ Էրդողանն ու Ալիեւը համատեղ շքերթներ էին իրականացնում ու պատերազմի կոչեր անում: Այդ ժամանակ ՀՀ-ում տեղի էր ունենում հարձակում ազգային արժեքների՝ եկեղեցու, հայոց պատմության եւ լեզվի վրա, վարկաբեկվում էին Արցախի հերոսական ու հաղթական ճանապարհ անցած սպաներն ու գեներալները:
Այս պատերազմի 44 օրերի ընթացքում իշխանությունները թվացյալ հաղթական կոչերով խաբելով ժողովրդին, թե հաղթելու ենք, հաղթում ենք, ամեն ինչ լավ է լինելու, հասցրին նրան, որ ստորագրվեց հայտարարություն, որը փաստացի կապիտուլյացիայի ակտ է: Որեւէ քննարկվող փաստաթուղթ 90-ականներից մինչեւ այսօր նման տխուր եւ ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում: Որեւէ փաստաթղթի մեջ չկար նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձ ՝ Հադրութ, Շուշի: Նույնիսկ պատերազմից առաջ նման պահանջներ թուրք-ադրբեջանական տանդեմը չուներ: Այս հանգրվանին հասել ենք այսօրվա իշխանության ապաշնորհ կառավարման արդյունքում:
Ես Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ էլ եմ ասել, որ այս ամենի քաղաքական պատասխանատուն ինքն է: Ավելին՝ նույն վարչապետը ժողովրդից ծածուկ ստորագրում է հայտարարություն: Նա այն վարչապետն էր, որ նախկինում հայտարարում էր՝ եթե ԼՂ հիմնահարցի որեւէ ընդունելի լուծում լինի, Հանրապետության հրապարակում կհավաքվեն ու կքննարկեն, բայց այս դավադրական գործարքը տեղի ունեցավ ժողովրդից ծածուկ, առանց ժողովրդի հետ քննարկելու:
Կարդացեք նաև
Սա իր ոչ հայեցակարգային ու ոչ պետականամետ քաղաքականության արդյունք է: Նույնիսկ պատերազմից առաջ թուրքերն ու ադրբեջանցիները չէին կարող երազել նման արդյունքի մասին: Չմոռանանք, որ իրենց իշխանությունն էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, իրենք էին խոսում հաղթանակի մասին, իրենք էին Սարդարապատ խոստանում, բայց ստացանք Կարսի խայտառակ հանձնում»:
ՀՀԿ խոսնակի խոսքով, Փաշինյանը դեռ ժամանակ ունի ճիշտ որոշում կայացնելու, չգնալու ցնցումների ճանապարհով, որին, ըստ Շարմազանովի, տանում է մեր հասարակությանը. «Իր լայվերով խոսելով վրեժներից, վենդետաներից, էսօր դրա ժամանա՞կն է, ինքը մի քայլ պետք է անի, պետք է հեռանա: Մենք ցնցումների տանելու հայրենիք չունենք, այս գաղափարն է, որը քննարկել եմ Օնիկ Գասպարյանի հետ, իրավունք չունենք գնալ երկպառակությունների, բախումների, եղբայրասպան ցնցումների, դա որեւէ տեղ չտանող ճանապարհ է, բայց միեւնույն կարծիքը պետք է ունենա օրվա իշխանությունը: Իշխանական աթոռը ներքաղաքական կայունությունից ու ազգի փրկությունից ավելի կարեւոր չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ