Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանում եք, չէ՞ Շուշին ինչ է ինձ համար, բոլորիս համար… վաղը մեր ազատամարտիկներն են գալու այնտեղից, իրենք ճիշտ քայլեր կանեն, բայց իրենց հետևից դուրս կգա կեղտը, որ կասեն սրան ընտրենք, նրան, ու ավելի վատ վիճակում կհայտնվենք». Կոմանդոս

Նոյեմբեր 10,2020 13:52

«Դուք ինձնից լավ գիտեք մեր վիճակը, էսօր էլի, ոչինչ անցավ, վաղն այնտեղից մեր ազատամարտիկները, որ եկան, մեկի ընկերն է մահացել, մյուսը վիրավոր է, ստեղ այն կլինի, որ ասեն ի՞նչ է՝ մենք չենք կարող ղեկավարենք իրենց: Ցավն այն է, որ իրենք ճիշտ են, ճիշտ քայլեր կանեն, բայց հետևից նենց մարդիկ կկանգնեն ու կասեն սրան ընտրենք, նրան ընտրենք, այդ կեղտն ավելի շատ դուրս կգա, ավելի վատ վիճակում մենք կհայտնվենք»,-հարցին՝ ստեղծված վիճակում միակ, լավագույն լուծո՞ւմն էր այն, ինչի տակ ստորագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես արձագանքեց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոս»):

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի հերոսն այսօր հանդես եկավ հայտարարությամբ և առաջարկեց ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն մտավորականներ և հասարակական- քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, որոնց վստահում է հասարակությունը և որոնք կփորձեն ստեղծված իրավիճակից ելքի ուղիներ գտնել:

Իսկ թե լավագույն որոշումն էր կայացվածը, Արկադի Տեր-Թադեւոսյանը գերադասեց այս հարցի մասին իր կարծիքը չհայտնել ու նշեց. «Ես չեմ ուզում իմ կարծիքն ասել, հասկացաք, չէ՞, ինչի համար: Այսօր մեկի՝ մի գեներալի կարծիքը կարդացի, վատ զգացի, ամբողջ ժամանակ ձայն չէր հանում՝ հիմա կարծիք է հայտնում»:

Հարցին՝ այդ որոշումն իր հետ քննարկվե՞լ է, բարձրաստիճան զինվորականների հետ քննարկվե՞լ է, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Տեղյակ չեն եղել, ինձ չեն տեղեկացրել: Առաջին օրվանից մինչև հիմա մենք աշխատում ենք մեծ թիմով այստեղ, որ բանակի կողքին կանգնենք: Մենք քաղաքականության մեջ չենք մտել, չեմ էլ ուզում մտնել»:

Հարցին՝ Շուշին անառիկ էր, ինչպե՞ս ստացվեց, որ կարողացան հասնել Շուշի, Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Այնտեղ ղեկավարում էր մեր Սեյրան Օհանյանը: Բայց այնքան ուժեր բերվեցին՝ քիչ էր Ադրբեջանը, Թուրքիան, սիրիացի վարձկանները, էլի զորքեր բերեց Թուրքիայի ՊՆ նախարարն իր հետ»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը դժվարությամբ էր խոսում, ասաց՝ ողջ գիշեր չեն քնել, դժվարությամբ է կարողանում որևէ վերլուծություն անել: Բայց մտահոգություն հայտնեց՝ ամենամտահոգիչն այն կլինի, որ այն կեղտը, որ վաղը դուրս կարող է գալ, կարող է մեզ ղեկավարել: Արցախի հերոսը հայտարարեց. «Դուք հասկանում եք, չէ՞, Շուշին ինչ է ինձ համար, ձեզ համար, բոլորս համար… պրոբլեմներ չստեղծեն, թե մեղավորն այ սա է և թույլ չտանք՝ կեղտը դուրս գա ու ղեկավարի մեզ»:

Հարցին՝ բարձրաստիճան զինվորականների տրամադրությունն ինչպիսի՞ն է, կո՞ղմ են այս որոշմանը, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Ոչ մեկը չի իմանում: Մինչդեռ այդ որոշումը կայացնելուց առաջ պետք է լիներ ռազմական խորհուրդ, պատգամավորներ լինեին, ո՞նց կարելի էր էդպես անել: Սխալ է ճիշտ է, այդ չեմ ուզում ասել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30