Նիկոլ Փաշինյանը հերթական ուղիղ միացմամբ որոշ դիտարկումներ արեց այն մասին, թե ինչու է Արցախ վերաբերյալ հայտնի որոշումը կայացրել: Նա մի քանի կետեր ներկայացրեց. «Այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը…Երբ բանակն ասում է, որ պետք է կանգնեմ, որովհետեւ ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չի երեւում կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում, մենք ունենք որոշակի պրոբլեմներ:
Օրինակ մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ զինված ուժերի զորամասը, գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են, շրջափակում են մեքենաները եւ թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան… Չեմ հաշվել, բայց ունեցել ենք տասնյակի հասնող այսպիսի դեպքեր, որի արդյունքում մենք ունենում ենք զինվորի գունդը, տեխնիկան առաջնագիծ հասցնելու խնդիր: Շատ դեպքերում արվել են կոշտ միջամտություններ, որոշ դեպքերում չի եղել հնարավորություն նման միջամտություններ անելու, որովհետեւ ոստիկանական կոնտինգենտը նույնպես ուղղված է եղել առաջնագիծ: Եվ սա բերել է շատ լուրջ եւ ծանր հետեւանքների»:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով, հաջորդը զորահավաքային համակարգի խնդիրն է եղել. «Կա գործող բանակ, անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք, երբ քաղաքացիական անձինք զորակոչվում են եւ միանում զինված ուժերին՝ խնդիրներ իրականացնելու համար: Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ այնքան էլ պատրաստ չեն լիարժեք մասնակցել ռազմական գործողություններին, նրանք արագ կորցնում են մարտունակությունը…Կամավորների մոտ նույնպես մարտունակության խնդիրներ են առաջանում…
Որոշակիորեն բախվել ենք դասալքության պրոբլեմի հետ, որը ցավոք սրտի հնարավոր չի եղել լուծել…Լավ կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ իրենց փոխարինողներ չեն ունեցել…Մոբռեսուրսի, կամավորների, մարտունակության անկման եւ դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ, առաջնագծում եղել են մարդիկ, որոնք մի ամիս շարունակ մնացել են առանց փոխարինողի …Պայմանավորվեցինք, որ սա միակ պատճառը չէ, ժամանակի ընթացքում այլ պատճառների կանդրադառնամ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ». Նիկոլ Փաշինյանի այս ելույթին արձագանքել է նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը՝ ՖԲ էջում մասնավորապես գրելով. «Մեղավոր են բոլորը` բացի իրենից. մեղավոր է բանակը, հասկանո՞ւմ եք, մեր հերոսական բանակը, ըստ սրա, բարոյալքված էր, զինվորները դասալիք են, մոբռեսուրսը` անպիտան, նախկին բոլոր բանակցողները` անարդյունավետ, բանակի բարձրագույն սպայակազմն է որոշել այս ելքը ու իրեն առաջարկել, ինքը կապ չունի: Հասկանո՞ւմ եք, ոչ մի բանի հետ կապ չունի այս ստախոս մանիպուլյատորը: Իրեն հիմա միայն մի բան է հետաքրքրում, թե՞ կառավարական իր առանձնատնից ո՞ւր են կորել իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը»: