Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցը․ կառավարության շենքը հսկվում է

Նոյեմբեր 10,2020 12:04

Մի խումբ քաղաքացիներ այսօր փակել են Հանրապետության հրապարակին հարող Նալբանդյան փողոցը։ Նրանք հրապարակի նստարաններով փակել էին երթեւեկելի հատվածը եւ թույլ չէին տալիս ավտոմեքենաներին շարժվել։ Ոստիկանների միջամտությամբ ճանապարհի մի մասն արագ բացվեց, սակայն ցուցարարները փորձում էին խոչընդոտել երթեւեկը, փողոցի մի մասը փակ էին պահում։

Կառավարության շենքն այս պահին պահպանում են ոստիկանները։ Այս ցույցի մասնակիցները որոշեցին շրջել փողոցներով եւ մարդկանց կոչ անել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Այս պահին Նալբանդյան փողոցն արդեն ամբողջությամբ բաց է։

Հիշեցնենք, երեկ կեսգիշերին, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հայտարարություն է ստորագրել՝ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին, կարճ ժամանակ անց մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի մոտ հավաքվեցին, ապա ներխուժեցին կառավարության շենք: Նրանք վնասել են կառավարության գույքը, Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է՝ վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։

Գիշերը ցուցարարները շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք, ներխուժել ներս։

Ցուցարարները հարձակվել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա եւ նրան ծեծի ենթարկել։ Այս առնչությամբ արդեն կան ձերբակալվածներ:

Այս պահին էլ մի խումբ ցուցարարներ Ազգային ժողովի նիստերի դահլիճում են։

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30