Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք: Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 10,2020 08:02

«ԱԺ շենքում գտնվող մեր հայրենակիցներին, հարազատներին կոչ եմ անում հանդարտվել: Չկան անլուծելի հարցեր, անգամ առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերը լուծելի են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթին դեմ քաղաքացիները խորհրդարանի շենքում են:

«Եթե ուզում ենք հրավիրել արտահերթ նիստ` խնդրում ենք մեր հայրենակիցներին դահլիճից դուրս գալ: Բայց արտահերթ նիստի համար պետք է նաեւ քվորում ապահովվի եւ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորները միասին չեն կարող ապահովել քվորումը: Անհրաժեշտ է նաեւ «Իմ քայլի» պատգամավորների առնվազն 25-ի ներկայություն: Բայց «Իմ քայլի» մեր գործընկերները վստահ պետք է լինեն, որ այս դահլիճում նրանց անվտանգությունը միանշանակ ապահովված է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այժմ փորձում են իրավաբանների հետ քննարկել՝ որքանո՞վ ԱԺ-ն իրավասու է չեղարկել ստորագրված հայտարարությունը: «Բայց անգամ չլինելով ոչ իրավաբան՝ ես կարծում եմ, որ մենք խորհրդարանական պետություն ենք եւ բոլոր որոշումները պետք է կայացվեն այս դահլիճում»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, որ Արցախի հարցում որեւէ որոշման դեպքում ինքը հրապարակում կկանգնի ժողովրդի առջեւ եւ ժողովրդի հետ միասին կորոշի՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ ոչ: Նաիրա Զոհրաբյանը հարցնում է. «Ի՞նչ եղավ, որ ժողովրդի հետ, 3 միլիոն վարչապետերի հետ չքննարկվեց, ի՞նչ եղավ, որ չեկաք հրապարակ եւ ժողովրդին չասացիք՝ լուծումը սա է, որոշումը սա եւ չստացաք ժողովրդի մանդատը՝ այս լուծմանը գնալու համար»:

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարություններ ևս՝ «ինչ ուզում ենք, այդ էլ բանակցում ենք», «դուք ո՞վ եք, որ իմանաք՝ ի՞նչ ենք բանակցում», «ես սկսում եմ զրոյական կետից» եւ հավելեց. «Բազմիցս ասել ենք՝ այդ ի՞նչ եք բանակցում ձեր կիրթ գործընկեր Ալիեւի հետ, հիշո՞ւմ եք, չէ, Նիկոլ Փաշինյանն ասում էր կիրթ է Ալիեւը: Մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք: Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ 17 կուսակցությունների ղեկավարները գիտեին, որ հանգուցալուծումը գնում է սրան, այդ պատճառով էին իրենց հայտարարությամբ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ամբողջ ֆեյք-ինդուստրիան, պետական ռեսուրսները ուղղորդվել էր իրենց դեմ՝ արտաքին թշնամուն, թուրք-ադրբեջանական տանդեմը թողած: «Սա անառողջ մթնոլորտ էր, 2,5 տարի երկրում ստեղծված թշնամանքի մթնոլորտն էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ մեր երկրում այլեւս ճամբարների չպետք է բաժանվեն, սեւեր ու սպիտակներ չպետք է լինեն, բոլոր հարցերը պետք է լուծվեն իսկապես համերաշխության եւ համազգային համախոհության մթնոլորտում:

Քաղաքացիներին հանդարտության կոչ է արել նաեւ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը. «Միեւնույն ժամանակ հասկանալի է նաեւ ցասումը եւ կոչ ենք արել, որպեսզի թույլ տան՝ իշխանության պատգամավորները գան ԱԺ, որ հասկանանք հարցի լուծումը։ Մարդիկ չէին սպասում, որ կարող է հայտարարություն լինել վարչապետի կողմից այնպիսին՝ ինչպիսին եղավ։ Դա անսպասելիությունն ու բարկությունն է, որովհետեւ եղել է պատերազմ, զոհվել են մարդիկ։ Բնական է, որ այդ հայտարարությունն այսպիսի վիճակը պետք է ստեղծեր։ Մենք պետք է իմաստուն լինենք, արագ հավաքվենք եւ հասկանանք՝ ինչ ենք անում, հետագա պլանները որոնք են»:

Նա հիշեցրեց, որ ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորները դեռ երկու շաբաթ էին դիմել վարչապետին՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու եւ իր ծրագրերի մասին խոսելու հարցով, բայց մնացել են անպատասխան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30