«Կոռուպցիոներ-օլիգարխ-ստահակներին…այո, մենք ճիշտ չենք վարվել: Այս երկիրը թալանածների, զինվորի հացն ու զենքը գողացածների հանդեպ մենք ճիշտ չենք վարվել, եւ ես ներողություն եմ խնդրում դրա համար: Այդ տականքներին…Մեր զինվորների վրեժը մենք նրանցից պիտի հանենք՝ մեր կորսված հայրենիքի վրեժը նրանցից պետք է հանենք»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ հանրապետական, ԲՀԿ-ական թալանչիներին, հայրենիքի դասալիքին, որ դիրքը թողել փախել է, դասալքության համար պետք է դատվի…այսօր մարզպետարաններ են մտնում պղնձամոլիբդենային կոմբինատի եսիմ ովքեր, որոնք այս երկիրը թալանել են, ազգային հարստությունը թալանել են…մտածում են՝ իրենց ժամանակը եկե՞լ է: Իրենց ժամանակը չի գալու: Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը: Այդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞լ: Բացառված է: ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետեւից՝ այսօրվա դեբոշիրների եւ դրանց շեֆերի հետեւից, Դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետեւից: Ինչի եմ ասում՝ կոռուպցիոն հատվածի, որովհետեւ այնտեղ մարդիկ կան, որ որքան էլ համաձայն չլինեմ, չեմ կարող ուրանալ ինչ-որ բաներ»,-հավելեց Փաշինյանը:
Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ մտածում է առաջիկայում հանրահավաք կազմակերպելու մասին. «Հայրենիք ծախողները, ազատագրված տարածքները փողով ծախողները, դրա առթիվ, իմիջիայլոց, քրեական գործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե այս ծխածածկույթի տակ հաջողելու են: Բացառված է: Ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին: Իմիջիայլոց, այնպես չի, որ չենք զբաղվել: Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը սկսելու է աշխատել: Այն քաղաքացիներին, ովքեր դատապարտում են այսօրվա հրապարակային դեբոշը, կոչ եմ անում հրապարակային արտահայտվել: Մի վախեցեք արտահայտվել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դուք եք երկրի տերը, ոչ թե հանցագործ բանդաները, օլիգարխները, մերձկուսակցական դասալիքները եւ կոռումպացված թափթփուկները»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Մեր մարզպետները դիրքերում կանգնած են՝ թոքաբորբով, ջոկատներով, իսկ էս չաղ տղերքը չէին գնում, որ նրանց փոխարինեն: Սա է ողջ պատմությունը, ուրիշ բան հանկարծ չփնտրեք: Ում էլ զոռով տանում էինք, առաջնագծից փախնում էին՝ ձեզ հայտնի ընդդիմադիրի նման»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ