«Մենք չենք ընդունելու այս իրավիճակը: Ըստ որոշ տեղեկությունների, արդեն Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքական իշխանությունը գնացել է կապիտուլյացիայի ակտը ստորագրելու: Ես չգիտեմ՝ ստորագրվե՞լ է դա, թե՝ ոչ, բայց ենթադրվում էր, որ սրա վերջը սա է լինելու: Դաշնակցության համար սա անընդունելի է: Այո, նաեւ չենք ներելու բոլոր նրանց, ովքեր նաեւ հայ զինվորի արյան կաթիլի գնով ձեռք բերված, 30 տարի պաշտպանված հայրենիքի վրա կգնան առեւտրի: Այո, դուք եք մեղավոր այս իրավիճակի համար, բերել հասցրել եք այս իրավիճակին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք այս վիճակը չենք ընդունում: Մեր զինվորներն այս պահին կռվում են սահմանում: Մի բան է ուզում հայ զինվորը՝ թիկունքը լինի ամուր: Այո, մենք դնում ենք իշխանությունների հեռացման պահանջը, որովհետեւ այս իշխանությունն այդ թիկունքը թուլացնողն է: Րոպե առաջ պետք է սրանք հեռանան, Հայաստանում ձեւավորվի ազգային իշխանություն, ով կկանգնի բանակի կողքին, ով կկանգնի հայ զինվորի կողքին, ով կկանգնի հայ ժողովրդի կողքին եւ ետ կբերի իր հայրենիքը: Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների առաջին հայտարարությունից հետո եղած Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը՝ ցավոտ փոխզիջումների մասին, ինչը իր բնութագրմամբ, խիստ անհասկանալի էր. «Երբ մեր զինվորը կռվում էր սահմանին, նա մեկ օր առաջ կոչ էր անում կռվել, պայքարել հայրենիքի համար, հաջորդ օրը կոչ էր անում, որ մենք գնալու ենք ցավոտ զիջումների»:
Իշխան Սաղաթելյանը խոսեց նաեւ հոկտեմբերի 19-ին, կառավարությունում տեղի ունեցած արտախորհդարանական ուժերի հետ հանդիպման մասին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյաննն իրենց ասել էր, որ մենք կռվել չենք կարողանում. «Մի շարք մեղքեր բարդելով բանակի վրա, ասելով, որ մենք պետք է գնանք ծանր զիջումների, ներկայացրեց զիջումների մի պլան և ասաց, որ զինադադարին հասնելու համար սա ստեղծված իրավիճակից միակ ճանապարհն է։ Այդ հանդիպման ընթացքում ես հասկանալի լեզվով ներկայացրեցի ՀՅԴ-ի տեսակետը և ասացի, որ սա Հայաստանի կործանման ճանապարհն է և դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի։ Մենք այդ ժամանակ դրա մասին հրապարակային չասացինք, որովհետև երկիրը պատերազմական դրության մեջ է և Նիկոլ Փաշինյանը ինքը պետք է խոսի և հասարակությանը բացատրի իրավիճակը, բայց Նիկոլ Փաշինյանը դա չարեց։ 35 օր պետական ողջ համակարգը խաբել և ստել է ժողովրդին կեղծ տեղեկություններ տալով, երբ կորցրել էինք Ջաբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, իրենք պնդում էին հակառակը և պնդում էին, որ հաղթել ենք»:
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանի պարզաբանմամբ, այս ամենի մասին ՀՅԴ-ն այդ ժամանակ չի խոսել՝ թիկունքն ամուր պահելու համար։ Նրա գնահատմամբ, թեեւ դեռ հոկտեմբերի 19-ին էր Նիկոլ Փաշինյանն իրենց ասել, որ բանակը կռվել չի կարողանում, բայց բանակը մինչև այսօր եւ մինչ այս պահը կռվում է: Ուստի, ՀՅԴ-ական գործիչը եզրակացնում է, որ «ամեն ինչ հետևողականորեն արել են թիկունքը թուլացնելու համար ու դրան զուգահեռ փորձել են դավադիր ուժեր փնտրել։ Այս ամբողջ պրոցեսի մեջ կա մեկ դավադիր ուժ, դա այսօրվա քաղաքական իշխանությունն է»:
Ըստ Իշխան Սաղաթելյանի, կապիտուլյացիայի մասին օրեր առաջ Արցախի խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ խոսել էր նաեւ Արայիկ Հարությունյանը. «Դա տեղի է ունեցել 5 օր առաջ։ Արայիկ Հարությունյանը 5 օր առաջ, երբ Շուշին դեռ մերն էր, ասում էր՝ Շուշին ընկած է, դա ասել է փակ հանդիպման ժամանակ, որտեղ 5 ուժեր կային։ Բնականաբար, Դաշնակցությունը դեմ է արտահայտվել դրան, և ասել ենք, որ մեր բանակը կռվում է, Դուք ինչո՞ւ եք անընդհատ նման խոսակցություններ մեջտեղ բերում բանակի թիկունքը ջլատելու համար։ Խոսակցությունը կիսատ է մնացել, տեսնելով, որ Դաշնակցությունը չի կարող ներգրավվել նման պրոցեսների մեջ, այդ խոսակցությունը փակել են»:
ՀՅԴ-ական գործչի բնութագրմամբ, Արցախի իշխանությունն առանց ՀՀ իշխանությունների հրահանգի որևւէ ինքնուրույն քայլ չէր կարող ձեռնարկել. «Այսօր փորձել գտնել մեղավորներ բանակի ինչ-որ անհատների մեջ՝ չի ստացվելու. կա մեկ մեղավոր ևւ պատասխանատու, դա առաջին հերթին ՀՀ-ի քաղաքական իշխանություններն են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ