Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ունեմ զգացողություն, որ հենց հիմա երկրում չկա իշխանություն». Էդմոն Մարուքյանն «Իմ քայլի» պատգամավորներին հորդորում է գնալ խորհրդարան

Նոյեմբեր 10,2020 05:42

«Այս իրավիճակից մենք չենք կարող անիշխանությամբ դուրս գալ: Մեզ պետք է հստակ որոշումներ ընդունել, իսկ այդ որոշումները կարող է ընդունել ԱԺ-ն: ՀՀ-ն խորհրդարանական երկիր է: Ես ունեմ զգացողություն, որ հենց հիմա երկրում չկա իշխանություն»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրավիճակը լարված է եւ այս իրավիճակից պետք են ելքեր:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Էդմոն Մարուքյանի հետ խորհրդարանում են: Խորհրդարանի շենքում են նաեւ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ:

Խորհրդարանի շենքի մոտ կանգնած քաղաքացիներին Էդմոն Մարուքյանը հորդորեց չտրվել սադրանքների, եթե այդպիսիք կլինեն եւ թույլ տալ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մտնեն խորհրդարանի շենք. «Ես ձեզ խնդրում եմ, մի խոչընդոտեք պատգամավորների մուտքը խորհրդարան: Այս պահին միակ իշխանությունն այս խորհրդարանն է եւ միայն դուք, սիրելի հայրենակիցներ, կարող եք ապահովել պատգամավորների անվտանգ մուտքն ու ելքը: Թույլ տաք, որ խորհրդարանը հավաքվի եւ խորհրդարանը հավաքվելով կայացնի կարեւոր որոշումներ՝ ձեր ցասումը, ձեր անարդարության զգացումը թղթին հանձնելու վերաբերյալ: Այլ լուծում գոյություն չունի: Եթե խորհրդարանում քվորում չհավաքվի, մենք այստեղ ոչինչ չենք կարող անել»:

Էդմոն Մարուքյանը հորդորեց՝ սթափ գնահատել իրավիճակը, քանզի երկիրը պատերազմի մեջ է, մեր հպարտություն հայոց բանակը կանգնած է դիրքերում՝ամուր, կուռ եւ մենք իրավունք չունենք այստեղ մեզ այլ կերպ պահել: Նա հորդորեց նաեւ՝ պահպանել ամենաբարձր քաղաքացիական գիտակցություն, քանզի այդպես է հնարավոր իրավիճակից դուրս գալ:

«Եթե պատգամավորները չկարողանան գալ ԱԺ շենք, եթե մենք հիմա նիստ չանենք, մենք չենք կարող որեւէ որոշում կայացնել իրավական, լեգիտիմ ճանապարհով: Իսկ ոչ լեգիտիմ ճանապարհով արված ցանկացած քայլ ապագա չի ունենա, երկիրը ավելի կմխրճի քաոսի մեջ: Մենք իրապես այն ռեսուրսներ ունեցող երկիրը չենք, որ մեզ նման շռայլություններ թույլ տանք»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հորդորելով հարգել ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին եւ այլ կարծիք ունեցող մարդկանց:

Նա կոչ արեց նաեւ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին հանգիստ գնալ խորհրդարան եւ արտահերթ նիստ գումարել, իսկ թե ի՞նչ լուծումներ կգտնվեն՝ մարդիկ կհետեւեն ուղիղ եթերից հեռարձակվող նիստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30