ԱԺ շենքի մոտ բարկացած քաղաքացիներն այսօր մեքենայից ստիպողաբար դուրս հանեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ դաժան ծեծի ենթարկեցին նրան: Վերջինս փորձեց փախչել, սակայն, ապարդյուն: Արարատ Միրզոյանի, վարչապետ նիկոլ Փաշինյանի հասցեին նաեւ հայհոյանքներ էին հնչում, անգամ՝ Արարատ Միրզոյանին ծեծելով սպանելու կոչեր հնչեցին: Հավաքվածները պահանջում էին, որ Արարատ Միրզոյանն ասի, թե ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը:
Նաեւ հանդարտեցնող կոչեր էին հնչում, հորդորներ, որ բավական է ծեծել Արարատ Միրզոյանին, բայց, ապարդյուն: Տեսագրության մեջ լսվում է՝ «Տղերք, մի սպանեք», «վերջ», «բավական է» ապարդյուն հորդորներ:
Հիշեցնենք, մարդիկ վրդովված փողոցներ դուրս եկան եւ ինքնաբուխ հավաքվեցին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, երբ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի եւ ՌԴ նախագահի հետ համաձայնության մասին տեղեկությունը:
Կարդացեք նաև
Բարկացած մարդիկ ներխուժեցին նաեւ կառավարության շենք եւ վարչապետի կեցավայր՝ փնտրելով Նիկոլ Փաշինյանին:
Ավելի ուշ ցուցարարները ներխուժեցին նաեւ ԱԺ շենք:
ԱԺ նիստերի դահլիճում նստել եւ փորձում էին քննարկել ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Ցուցարարները արձանագրեցին, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն եւ իրենք թույլ չեն տա, որ խորհրդարանը վավերացնի այդ դավաճանությունը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոգեւորականներն օգնեցին, որ ցուցարարներին դուրս հանեն նիստերի դահլիճից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընկերս, եղբայրս՝ Արարատը, տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի լուրջ վնասվածքներ։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացածը՝ հետո»: