2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, շարունակվում են Հայաստանի Հանրապետության դեմ վարվել ագրեսիվ պատերազմ:
Դրա շրջանակում 2020թ․ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի МИ 24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետևանքով սպանվել են երկու անձինք և մարմնական վնասվածք ստացել ևս մեկ անձ։
Նույն օրը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշոնապես հայտարարությամբ հաստատել է իրենց զինված ուժերի կողմից ՌԴ զինված ուժերի հաշվեկշռում գտնվող վերոնշյալ ուղղաթիռի խոցման փաստը։
Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով, 384-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։
Դեպքի վայրում են գտնվում նաև ՌԴ Հարավային Օկրուգի դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները և նրանց հետ համագործակցված ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման և պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ։
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին