Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներին նահանջի հրաման տալով՝ մնացել է միայնակ ու անմահացել այդ դիրքում

Նոյեմբեր 10,2020 00:03

Հոկտեմբերի 26-ին Մարտունիում հակառակորդի անօդաչուից զոհվեց նաեւ 27 ամյա կապիտան Սերոբ Մելքոնյանը, նա նաեւ պաշտպանական գումարտակի երկրորդ շտաբի պետն էր:

«Ինքը երբեք չէր ասում՝ գնացեք կռվեք, այս խրամատը փորեք կամ այս առաջադրանքն արեք, ինքը միշտ սկզբում էր՝ ասում էր իմ հետեւից եկեք, դա էր պատճառը, որ հարգանքի է արժանացել, թե՛ զինվորների, թե՛ սպայական կազմի կողմից: Միշտ ասում էր՝ պետք է դառնա բանակի հրամանատար, ու այդ ժամանակ հակառակորդը մոռանալու է յուրաքանչյուր հարձակման պլանի մասին: Երբ ասում էին՝ կռվի աստվածը հրետանին է, ինքն էլ ասում էր բարձունքի աստվածը զինվորն ու զինվորականն է»,- Aravot.am-ի հետ զրույցում իր ընկերոջը, իր նախկին հրամանատարին հիշում է ԵՊՀ ուսանող Գուրգեն Հարությունյանը: Վերջինս իր նախկին հրամանատարի հետ ծանոթացել է պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում (2017-2019 թթ), այն ժամանակ ինքը ծառայում էր Մարտունու երրորդ պաշտպանական շրջանի զորամասում հակատանկային մարտկոցում, որի հրամանատարն էլ Սերոբ Մելքոնյանն էր:

Մեր զրուցակցի խոսքով, Սերոբ Մելքոնյանի հետ մշտապես կապի մեջ է եղել նաեւ զորացրվելուց հետո. «Սեպտեմբերի 25-ից բարձրացել է մարտական հերթապահության: Իր մարդ տեսակն այնպիսին էր, որ երբեք չէր հանձնվում, վերջին խոսակցության ժամանակ խոստացել էի, որ երբ կռիվն ավարտվի, մեր մարտկոցի զորացրված տղաներով պետք է գնանք մեր զորամասում գիշերենք, իր հետ հաց ուտենք, ցավոք սրտի, չստացվեց»:

Գուրգեն Հարությունյանի խոսքով, իր նախկին հրամանատարը մեծ ներդրում է ունեցել պատերազմական այս գործողություններում. «Բոլոր դիրքերը վերանորոգել է, որոշակի դիրքերում եղել է ջրի, որոշներում՝ անվտանգության խնդիր, բոլոր խնդիրներին տվել է իդեալական լուծումներ: Պատերազմական գործողությունների ընթացքում պաշտպանել է Մարտունու սահմանը, գրավել է կարեւոր նշանակության հակառակորդի երկու մարտական դիրք, նույնիսկ հրամանատարին չեն թույլատրել այդ գործողությունն իրականացնել, բանակի հրամանատարի ցուցումով ինքն է ընտրել անձնակազմ, կատարել է այնպիսի մարտական առաջադրանք, որը թշնամին կատարում էր իր դիվերսիոն խմբերի կամ հետախուզական ջոկատների շնորհիվ:

Իր ծառայակից ընկերների ու 18 տարեկան զինվորների շնորհիվ նրան հաջողվեց գրավել մարտական դիրքեր: Ինչից հետո երրորդ խնդիրն է ստացել, երրորդ մարտական դիրքը պետք է գրավեր, մեկ օր հետո պետք է շարժվեր, պլանն արդեն մշակել էր, բայց չհասցրեց: Հոկտեմբերի 26-ին հակառակորդի գրաված նույն դիրքում, որտեղ պաշտպանական գործողության պարտավորությունն էր ստանձնել, հակառակորդի անօդաչուի հարվածից խոցվել է . մնացած զինվորներին նահանջի հրաման տալով՝ մնացել է միայնակ ու անմահացել այդ դիրքում : Հետմահու պարգեւատրվել է կրծքանշանով, ստացել մայորի կոչում»:

Սերոբ Մելքոնյանն ամուսնացած էր, ուներ երեք եւ հինգ տարեկան երեխաներ: «Ինքը հոր ճանապարհն է շարունակել: Հայրը ՊԲ զորացրված փոխգնդապետներից է՝ Վարուժան Մելքոնյանը, արմատներով Սեւանից են, բայց շատ տարիներ առաջ Սերոբի հայրը ընտանիքով մեկնել է Արցախ, մշտական բնակություն հաստատել Շուշի քաղաքում ու ծառայություն իրականացրել այնտեղ: Իմ հրամանատարի մանկությունն անցել է հենց Արցախում, մայրը Արցախի գեղարվեստի դպրոցի նկարչուհի է»,-պատմեց Գուրգեն Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30