Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է սթափվելու և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

Նոյեմբեր 09,2020 23:45

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 44 օր է մեր քաջարի բանակը պայքարում է ադրբեջանաթուրքական ահաբեկիչների դեմ՝ հանուն Արցախի և արցախցու սեփական հողում ապրելու և արարելու իրավունքի: Այս բարդ իրավիճակում բոլորիս միակամությունն ու համերաշխությունն առաջնային է և կարևոր, սակայն վերջին օրերին տարբեր պատասխանատու պաշտոնյաների կողմից հնչող իրարամերժ հայտարարությունները չափազանց վտանգավոր են, անթույլատրելի և հղի տագնապալի իրավիճակի ստեղծմամբ: Նման իրավիճակը կանխելու համար և վտանգավոր անորոշությունը վերացնելու համար անհրաժեշտ է՝

1.ՀՀ վարչապետը ժամ առաջ հանդես գա ժողովրդին ուղղված հաշվետվությամբ և տա իրավիճակի հստակ և ճշգրիտ գնահատականը: Առանց ավելորդությունների և սառը դատողությամբ պետական մակարդակով պետք է ձևակերպել անելիքները՝ ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխան: Այսօր, առավել քան երբևէ հասարակությանը պետք է տրվի հստակ և ճշգրիտ տեղեկատվություն, հակառակը կարող է պատճառ դառնալ վտանգավոր խուճապի և անորոշության տարածման՝ իր բոլոր բացասական և վտանգավոր հետևանքներով:

2.Պետք է անհապաղ խոսել աշխարհաքաղաքական տերությունների, այդ թվում ԵՄ-ի հետ՝ առանց բացառությունների և առաջին դեմքերի մակարդակով, հստակություն մտցնել նրանցից սպասվող գործողությունների մեջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմաճակատում իրավիճակի փոփոխություններն ու զարգացումները տեղի են ունենում հաշված ժամերի ընթացքում: Այս գործընթացին ևս հասարակությանը պետք է հաղորդակից դարձնել՝ բացառելով նաև չհիմնավորված սպասումները աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնից:

3.Ռուսաստանի Դաշնությունից, որպես ռազմաքաղաքական դաշնակից, պետք է պահանջել իր պայմանագրային /1997թ.-ի Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, Համագործակցության և Փոխադարձ օգնության մասին Պայմանագիրը, ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման մասին պայմանագիրը՝ փոփոխություններով ու լրացումներով / պարտականությունների ողջ ծավալով կատարում:

4.ՀԱՊԿ-ից, որպես անվտանգության համակարգ, պետք է պահանջել հստակ դիրքորոշում և գործուն քայլեր իր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն ցցուն փաստը, որ այս ընթացքում բազմիցս խոցվել են ՀՀ բնակավայրերը և կան քաղաքացիական զոհեր: Պետք է նաև պահանջել, որպեսզի դադարեցվի ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին:

5.Քաղաքական տարբեր շրջանակներին կոչ ենք անում ՀՀ-ի և Արցախի համար այս ճակատագրական պահին դրսևորել զսպվածություն, լինել բացառապես բանակի կողքին, քանզի ռազմական դրության ընթացքում անթույլատրելի և անընդունելի է ցանկացած գործողություն, որը կարող է հասարակությանը տանել երկփեղկվածության:

Անընդունելի է, այս ճակատագրական պահին արցախյան ճակատում արձանագրվող հաջողությունների կամ անհաջողությունների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը՝ երբևիցե և առավելևս այսօր անթույլատրելի և աններելի է արցախյան հիմնախնդիրը դարձնել խաղաթուղթ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռքում:

Ժամանակն է սթափվելու, ռեալ գնահատելու ներկա մարտահրավերները և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից: Սա ցանկացած հայի պարտքն է այսօր՝ մենք հավատում ենք մեր բանակի ուժին և մեր ժողովրդի բռունցքված հավաքականությանը,  վստահ ենք մեր ապագային՝ որը կերտվում է մեր հերոսների ջանքերով և պայքարով:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30