«Վերջին 3-4 օրում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել էր Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ պատրաստ են վճռականորեն կատարելու իրենց խնդիրը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, գնդապետ Սուրեն Սարումյանը:
«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ: Գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության, կրել են մեծ կորուստներ: Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են: Կա այսպիսի նրբություն: Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում դրանք: Մարտական գործողությունների արդյունքի մասին կարելի է խոսել դրանց ավարտի ժամանակ: Այս առումով վստահեցնեմ, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ պատճառով, երբեմն, նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, վստահեք պաշտոնական տեղեկատվությանը եւ հետեւեք միայն պաշտոնական աղբյուրներին»,-հավելեց նա:
Անդրադառնալով հարցին՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից երեկ հիմքեր կայի՞ն հայտարարելու, որ Շուշիի ճակատամարտն այսօր, ենթադրաբար, կավարտվի, Սուրեն Սարումյանը պատասխանեց. «Մարտական գործողությունների ելքը կանխորոշելիս հիմնվում ենք որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է եւ ենթադրում է իրավիճակային բազմաթիվ փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ