«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Շուրջ 45 օր շարունակ արտաքին թշնամու դեմ կռիվ տվող հայ զինվորի կամքի, հնարամտության և ռազմական մտքի գերազանց իրականացման արդյունքում հնարավոր է դարձել կասեցնել թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի և նրանց կողմից վարձված ահաբեկիչների համատեղ արշավը։
Սահմանի ամեն մի մետրի համար կյանք տվող հայորդիների հերոսական ջանքերը հնարավոր են դարձնում բեկել պատերազմի ընթացքը՝ մեր վերջնական հաղթանակն առավել իրական դարձնելու և դարավոր հակառակորդին այս մի ճակատում անվերադարձ խաղաղություն պարտադրելու միջոցով։
Ճակատում կռվող զինվորից ոչ պակաս կարևոր է նաև թիկունքում միասնականության մթնոլորտի պահպանումը։
2018 թվականին համաժողովրդական վերելքի միջոցով ինքնորոշման ուղին բռնած և ավտորիտարիզմից անվերադարձ ազատագրված Հայաստանն ազատ ու անկոտրում Արցախի գոյության միակ երաշխավորն է։ Պատերազմի այս օրհասական պահին միայն գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ Հայաստանի ռազմական-քաղաքական-բանակային ղեկավարության շուրջ համախմբումը կարող է ապահովել սահմանների ամրությունն ու հայկական բանակի և հայկական պետականության հաղթանակը»: