«Հայտարարել էինք, որ տեղեկատվական մեծ բացերի պատճառով «Ժառանգությունը» ձեռնպահ է մնում ստորագրել եւ կարծում ենք, որ հիմա որեւէ հայտարարություն անելը ճիշտ չի լինի, որովհետեւ, իրոք, շատ խնդիրներ հստակ չեն: Իսկ եթե խնդիրը հստակ չէ, հետեւաբար, պահանջը նույնպես դառնում է անորոշություն եւ անորոշությունների դաշտը մեծացնելը ճիշտ չի լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Նարինե Դիլբարյանը:
Հիշեցնենք, քիչ առաջ հրապարակվեց ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությունը, որում կա նաեւ գործող իշխանության հրաժարականի պահանջ: Հայտարարությունը ստորագրել են 17 կուսակցություններ:
Քննարկում-խորհրդակցությունները կուսակցությունների միջեւ սկսվել էին դեռ երեք օր առաջ: Դեռ այն ժամանակ, «Ժառանգությունը» վերապահումներ էր արտահայտել համատեղ հայտարարության, ի մասնավորի, գործող կառավարության հրաժարականի պահանջի մասով: Թեեւ կառավարության հրաժարականի պահանջին ի սկզբանե դեմ է եղել նաեւ «Մեկ Հայաստան» կուսակցությունը, սակայն, հրապարակված հայտարարությանն արդեն միացել է:
Նարինե Դիլբարյանն ասաց, որ «Ժառանգությունը» չի միանալու այդ հայտարարությանը:
Կարդացեք նաև
«Արցախից եկեղ եւ Հայաստանից տրվող տեղեկատվությունը դեռ համակարգված չէ»,- ասաց Նարինե Դիլբարյանը՝ հավելելով, որ իրենց համար նախընտրելի կլիներ, որ վարչապետն իր նախաձեռնությամբ եւս հանդիպում անցկացներ ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերի հետ՝ տեղեկատվական եւ խորհրդակցական նպատակով, քանի որ Արցախից եկող տեղեկությունները, թեեւ հիմա արդեն ավելի նվազ, բայց դեռ տագնապային են եւ վկայում են խուճապի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ