Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ իր մարտական հաշվարկներով Շուշիի պաշտպանները կարող են պահպանել Շուշին:
Արկադի Տեր-Թադևոսյանին հիշեցրինք՝ օրեր առաջ հայտարարել էր, որ «դրանք այն ուժերը չեն, որ կարողանան Շուշի մտնել» և փաստեցինք՝ քիչ առաջ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշում է, «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից. թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում» ու հարցին՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ հակառակորդի ուժերը կարողացան մուտք գործել Շուշի, Կոմանդոսը պատասխանեց. «Այսօր չորրորդ օրն է, ինչ ուժ ունեն Ադրբեջանը և Թուրքիան, Թուրքիայի հատուկ ջոկատայիններով, բոլորը բերել են Շուշիի վրա: Ինչքան զենք, զինամթերք ունեին, ամենը բերել են Շուշիի և Ստեփանակերտի վրա: Եվ ստեղծվել է ծայրագույն բարդ իրավիճակ, հիմա պաշտպանվում ենք»:
Խնդրեցինք մեկնաբանել Վահրամ Պողոսյանի հայտարարությունը, թե Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, Արցախի հերոսն ասաց. «Խոսքը ժողովրդի մասին է, բանակի մասին չէ խոսքը: Վահրամ Պողոսյանն ասել է մենք թողե՞լ ենք Շուշին….իր հայտարարությունը նա է, որ հիմա այնտեղ կին, երեխա ապրել չեն կարող, բոլորը դուրս են եկել: Հիմա այնտեղ մեր բանակն է կռվում, մեր կամավորականները, մեր հրամանատարն է այնտեղ՝ Սեյրան Օհանյանը, որն ազատագրել է Շուշին ու հիմա էլ՝ այս պահին պաշտպանում է Շուշին: Այս դժվար պահին գնում է պայքար հակառակորդի ուժի դեմ, որը մեզ մի քանի անգամ գերազանցում է: Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի»:
Գեներալ- մայորին խնդրեցինք պարզաբանել՝ այս պահին իրավիճակն այնքան ծարահե՞ղ է, ինչպես ներկայացրել է Վահրամ Պողոսյանը, թե՞ հնարավոր է դա լինել մարտավարական հնարք, նա պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Կռիվ է, կռվին չես կարող ասել, թե ինչպես կլինի, բայց իմ մարտական հաշվարկներով Շուշիի պաշտպանները կարող են պահպանել Շուշին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ