Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես Հայաստանն եմ, ես Արցախն եմ» խորագրով դրամահավաքը շարունակվում է. Օդեսայի հայուհիները նույնպես լծվել են հայրենիքի օգնության կարևոր գործին

Նոյեմբեր 09,2020 18:13

«Ես Հայաստանն եմ, ես Արցախն եմ խորագրով դրամահավաքը շարունակական բնույթ է կրում: Համայնքում ի կատար ածվող բարեգործական միջացառումների երթում աչքի են ընկնում Օդեսայի հայուհիները: Մեծ եռանդով լծվելով հայրենիքի օգնության կարևոր գործին՝ Օդեսայի հայուհիները գործի անցան հայրենիքի ու ազգի հանդեպ սրբազան պարտքի վեհագույն զգացումով: Անհուն սիրով ու հոգատարությամբ, պատրաստում են հայկական խոհանոցի համեղ կերակրատեսակները: Հնարագետ մայրիկները իրենց մարդասիրական, հայրենասիրական արարքներով, հայուհուն հարիր ավանդական պարկեշտությամբ հրաշալի օրինակ են երիտասարդ սերնդի` հատկապես օրիորդաց համար: Նրանցից շատերը առաջնագծում մարտնչող ազգականներ, հարազատ մարդիկ ունեն, որոնց համար տրոփում են նրանց սրտերը:

Նրանց զենքը սերն է ու բարությունը:
Այնպես էր թվում, թե մեր ժողովրդի պատմության եղերական էջերը, եղեռն, գաղթ, սպանդ բռնի տեղահանություն, մնացել են անցյալում դարձել խավար ժամանակների տխրագին հիողություն: Ո՞վ կմտածեր, թե այդ ամենը կարող էր կրկնվել մեր դարում, մեր օրերում` անմարդկային փորձություն դառնալով մեր բովանդակ ազգի, մանավանդ հայոց մայրերի համար: Նորի՜ց ու նորի՜ց, Աստված իմ… Աշխարհասփյուռ հայությունը առանց հապաղելու նետվեց օգնելու, սատարելու մայր հայրենիքին, հայոց Արցախ աշխարհին:
Այդ նպատակով Օդեսայի համայնքի կողմից գումար է հավաքվում, տեղի հայրենակիցները իրենց բարեգութ սրտի մասնիկը, ավանդն են ներդնում այն մեծ պայքարում, որ մղում է հայ ժողովուրդը:

Ակցիաներն ուղեկցվում են համահունչ գեղարվեստական կատարումներով. հանդես են գալիս կիրակնօրյա կրթօջախների սաները, «Արաքս» մանկական վոկալ համույթը… Դրանք նաև համեմվում են թևավոր խոսքերով ու հաղթության բարեմաղթանքներով, որոնք միաժամանակ վեր են հանում մեր ազգի բնութագիրը: Ակցիայից գոյացած ամբողջ հասույթը ուղղվելու է դեպի հայրենիք:
Ասում են բարեգործությունը լռություն է սիրում, բայց այսօր լռել չենք կարող: Առաջին հայացքից վաղանցուկ թվացող այս ակցիա-միջոցառումները կամա-ակամա վերածվում են ավանդույթի: Դրանք իրենց մեջ կրում են միասնականության խորհուրդ և յուրօրինակ կոչ են, թե՝ եկեք միանա՛նք, որ վանե՛նք հեռու թշնամուն վայրագ:

Նարինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30