Իրանը ՀՕՊ արագ արձագանքման ստորաբաժանում է տեղակայել իր երկրի հյուսիս-արեւմտյան սահմանին։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՕՊ արագ արձագանքման հյուսիսային ստորաբաժանումը տեղակայվել է նշված հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի կայուն անվտանգությունը դիտարկելու, պաշտպանելու, ինչպես նաեւ հյուսիսարեւմտյան ուժերն ամրապնդելու նպատակով․ «Թշնամին պետք է իմանա, որ Իրանի դեմ ուղղված ամենափոքր քայլին Իրանը խիստ կվերաբերվի»։
Aravot.am-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ Իրանի սահմաններին ՀՕՊ ստորաբաժանման տեղակայումը արտառոց չէ, Իրանն արձագանքում է իր սահմաններում իսրայելական անօդաչու թռչող սարքերի առկայությանը։ «Դրանք Ադրբեջանը միշտ օգտագործել է իբրեւ թե հայերի դեմ, բայց ժամանակ առ ժամանակ հենց Ադրբեջանի տարածքից Իրանում հայտնվում են իսրայելական ԱԹՍ-ներ»,-ասաց Արմեն Վարդանյանը։
Նա հիշեցրեց՝ մի քանի տարի առաջ էլ նույնիսկ Թեհրանի երկնքում Իրանը ԱԹՍ-ներ խփեցին, եւ դրա համար մեղադրեցին Ադրբեջանին, որ իրենց երկիրը՝ Ադրբեջանը, դարձրել են հարթակ՝ իսրայելական հետախուզության համար՝ ընդդեմ Իրանի․ «Հիմա էլ Իրանը զգուշանում է, մանավանդ որ այս օրերին Ադրբեջանից մի քանի ԱԹՍ-ներ կրկին հայտնվեցին Իրանի տարածքում։ Դրանք Իրանը խփեց իր ՀՕՊ-ի միջոցով։ Այժմ Իրանը երեւի մտածում է, որ նորից այդ իսրայելական ԱԹՍ-ները հետախուզական գործողության նպատակով Ադրբեջանից կհայտնվեն իրենց տարածքում, ուստի ՀՕՊ համակարգեր են տեղակայում սահմաններին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ