Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է օմբուդսմենին, ինչպես նաեւ ՀՀ նախագահին, ընդդիմադիր խմբակցություններին՝ ռազմական դրությամբ պայմանավորված ԶԼՄ հրապարակումների սահմանափակումների հետ կապված:
Այսօր ԱԺ-ում այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ այս ընթացքում մեկ հաղորդում է զրկվել հեռարձակվելու իրավունքից, բայց դա կապ չի ունեցել ռազմական դրության հետ. «Նույնիսկ եթե ռազմական դրություն չլիներ, այն կզրկվեր այն բովանդակության համար, որը ենթակա է պատժման»:
Ինչ վերաբերում է Սաթիկ Սեյրանյանին, Հակոբյանն ասաց, որ շատ լավ է արել՝ դիմել է, բայց իրենք կարգավորում են միայն տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներին, այնտեղ գրեթե ռազմական դրության խախտումներ չկան, բոլոր տուգանքները, զգուշացումները ինտերնետային մեդիային, տպագիր մամուլին են վերաբերվում. «Բոլոր հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները շատ լավ գիտեն, որ եթե իրենք խախտումներ անեն՝ կարող են պատժվել, դա՝ մեկ: Շատ լավ գիտեն, որ եթե ինչ-որ խախտումներ անեն, կարող է մյուս անգամ լիցենզիա չստանան: Այդ վերահսկողական մեխանիզմները թույլ են տալիս, որ մենք միասին շատ լավ, արդյունավետ աշխատենք: Մենք ամեն օր կապի մեջ ենք այս կամ այն հեռուստաընկերության հետ: Մենք պատժելու սադրիչ գործողությունների բաներ չունենք, կարող է ինչ-որ բան սխալվել: Եթե յուրաքանչյուր սխալից հետո, օրինակ, ոստիկանությունը կարող է գնա դուռը ծեծի եւ տուգանք սահմանի, մենք այդպիսի բաներ չենք անում, մենք զանգահարում ենք, խոսում ենք, բացատրում ենք: Հեռուստաընկերության իրավաբանները կարող են գան մեր մոտ, խոսել, պայմանավորվել: Մենք դրանով նվազեցնում ենք նույնիսկ սխալները, շատ ժամանակ մտածված չի լինում, մարդիկ են՝ 24 ժամ աշխատում են»:
Հարցին՝ այս սահմանափակումները, որ մտցվել են ռազմական դրության հետ կապված, կարո՞ղ են ոտնահարել շատ կարեւոր արժեքներից մեկը՝ խոսքի ազատությունը՝ Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Այո, իհարկե, հենց պատերազմական իրավիճակը ստիպում է սահմանափակել խոսքի ազատությունը: Ընդհանրապես, ճգնաժամային դրությունների ժամանակ մեր առաջնությունները որն են՝ խոսքի ազատությունը, թե՞ պետական շահերը: Ամբողջ աշխարհում այդպես է՝ ռազմական դրության ժամանակ սահմանափակվում են խոսքի ազատության եւ այլ իրավունքները: Սա դասական բան է»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը նաեւ հարցրեց՝ բյուջեի նախագծի վերաբերյալ ձեր զեկուցումից պարզ դարձավ, որ 12 մլն դրամի չափով փող էր մնալու հանձնաժողովին, որ հանձնաժողովն անկախ գործի, այսինքն, փողո՞վ է որոշվում ձեր անկախությունը: Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Իսկ ո՞նց եք կարծում, փողո՞վ չի անկախությունը»: Դիտարկմանը, որ եթե դուք անկախ եք՝ անկախ կգործեք, փողով չի որոշվում՝ Հակոբյանը պատասխանեց, որ դա արդեն այլ խոսակցություն է, բայց անկախությունն իր մեջ ներառում է նաեւ ֆինանսական անկախությունը, ինչը կարևորագույն տարրերից է:
Հարցին՝ 2021 թվականին ո՞ր հեռուստաալիքները կզրկվեն եթերից՝ Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Ես Հիսուս Հովսեփի՞չն եմ քո կարծիքով: Ինչի՞ եք այդպիսի հարց տալիս: Կարելի է մրցույթին նվիրված այդպիսի հարցեր տալ: Կարծում եմ՝ ոչ: Կլինի մրցույթը, արժանիները կհաղթեն, պարտվածները կպարտվեն: Հասկացա՞նք իրար. խնդրում եմ այդ բանը չշահարկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ