Ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս նահատակվել է Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակիչ Վոլոդյա Մխիթարյանը։ Նա շուտով կդառնար 30 տարեկան․ ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 17-ին, աշխատում էր ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում։ Վոլոդյան ունի իրենից մեծ երկու եղբայրներ և մեկ քույր։ Նա, կիսատ թողնելով ուսումը, փոքր տարիքում ծառայել էր եկեղեցում, այնուհետ մի որոշ ժամանակ մեկնել արտագնա աշխատանքի, բայց հետագայում սիրելով զինվորական գործը՝ ստանձնեց հայրենիքի պաշտպանությունը, հայրենիքի համար էլ անմահացավ։ Այս մասին մեզ տեղեկացրեց հերոսի հորեղբոր դուստրը՝ Մարիամ Մխիթարյանը։
«Շատ խելացի էր, կյանքով լեցուն, ամեն մի դժվարություն փորձում էր հաղթահարել ժպիտով, մանուկ հասակում կորցրել էր մորը ու կարոտով էլ հեռացավ այս աշխարհից։ Նայում էիր՝ ժպտադեմ էր, բայց աչքերում կար թախիծ ու կարոտ։ Նա այնքան պատրաստակամ անձ էր, օգնում էր յուրաքանչյուր մեկին, ով դրա կարիքն ուներ։
Կարդացեք նաև
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, Վոլոդյային և ընկերներին վերևի դիրքերից օգնության են կանչել, նրանք մեքենայով շտապել էին հասնել, բայց թշնամին ռմբակոծել էր մեքենան․․․ Հերոս տղաներն հայրենիքի փրկության համար զոհեցին իրենց կյանքը։ Վոլոդյան նահատակվեց՝ չհասցնելով հայրական քնքշանք տալ իր միակ որդուն, որը մի տարեկան է։ Նա կարոտով հեռացավ․․․ Հուսով եմ, ինչ-որ մեկն այս հարցում կգիտակցի իր սխալը, կզղջա ու կափսոսա․․․ Դժվար է և նաև պարտավորեցնող լինել հերոսի քույր, կփորձեմ եղբորս տված խորհուրդներով շարժվել այս կյանքում, կփորձեմ չսխալվել ու ոչ մեկին չնեղացնել, հատկապես ինձ սիրող մարդկանց»,-ասաց Մարիամ Մխիթարյանը։
Նա նաև նշեց, որ Վոլոդյայի հետ հուղարկավորել են երկու քաջ հայորդիների, համայնքի ղեկավարը պանթեոն է սարքել հերոսների համար։
Նշենք, որ Մարիամ Մխիթարյանի հարազատ եղբայրը՝ 1995 թվականին ծնված Նարեկ Մխիթարյանը հորեղբոր որդու հետ մեկնել է ռազմաճակատ, նրանք միասին են աշխատել, միասին են եղել առաջնագծում, սակայն այս դեպքից հետո ոչ մի տեղեկություն չկա եղբորից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ