Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկի դին դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է ուզել երեխայի դասագրքերի գումարը». պատգամավոր

Նոյեմբեր 09,2020 15:54

«Նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի՝ զոհված զինծառայողների կամ ազատամարտիկների երեխաների բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու առնչությամբ: Նույնը կասեմ նաեւ հանրակրթական դպրոցներում զինծառայողների երեխաների դասագրքերի վճարների հետ կապված: Օրերս ինձ դիմեց ազատամարտիկներից մեկի կինը: Դին դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է ուզել դասագրքերի գումարը: Կապվեցի մի քանի դպրոցի հետ: Պարզվեց՝ հնարավոր է դա անել, որովհետեւ դասագրքերը երեք տարի անց էլ լավ վիճակում են պահպանվում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: Նրա գնահատմամբ՝ զինծառայողների երեխաներին կարելի է դասագրքերն անվճար տրամադրել եւ ազատել նրանց այդ սոցիալական բեռից:

Մարտիրոսյանն արձագանքեց. «Իրականում կարեւոր հարց էր բարձրաձայնում: Այդ ուղղությամբ հիմա մտածում ենք, բուհերի ղեկավարների հետ խորհրդակցելով ենք անելու: Օգնության չափն ու ձեւերն ենք դիտարկում: Բայց վստահ եղեք, որ դա մեր ուշադրության կենտրոնում է: Դժբախտաբար, թիվն աճելու է, եւ խնդիրն իրականություն է, որի հետ առերեսվելու ենք նաեւ առաջիկայում: Ձեր առաջարկը նկատի կունենանք»:

ԿԳՄՍ մեկ այլ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ պարզաբանեց, որ դասագրքերի առնչությամբ ծրագրեր ունեն. «Ամրագրված է, որ դասագրքերը կարող են առանց փոխհատուցման տրվել այն շահառուներին, ովքեր ունեն դրա կարիքը՝ սոցիալապես ավելի խոցելի խմբերը: Դպրոցներն ունեն իրավասություն կայացնելու համապատասխան որոշումներ եւ ցուցակները ներկայացնել՝ փոխհատուցման գործընթացի համար: Աջակցության գործիքները կարեւոր են, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր պարտավորությունների կատարումը բերում է ոլորտային կայունության, ուստի մեր աջակցությունը պետք է լինի շատ թիրախային: Չեմ կարծում, որ այս խմբի երեխաների համար լրացուցիչ խնդիրներ կարող են լինել»:

Սրբուհի Գրիգորյանը պնդեց, որ խնդիրն իսկապես առկա է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30