Թուրքական լիրան, չնայած վերջին 2-3 օրում կայունացել է, բայց, ընդհանուր առմամբ, այն արժեզրկվում է անդադար։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Նա ասաց, որ թուրքական լիրան տաս տարում մոտ հինգ անգամ արժեզրկվել է։
Հրանտ Միքայելյանի ներկայացմամբ, արեւմտյան տնտեսագետների կարծիքով՝ Թուրքիայում տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է քաղաքական գործոններով՝ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությամբ, այդ թվում նաեւ Արցախյան պատերազմով, նաեւ՝ Սաուդյան Արաբիայի՝ թուրքական ապրանքների եւ ծառայությունների վրա սահմանած պատժամիջոցներով։ Սրա հետեւանքով թուրքական լիրան շատ խոցելի է դարձել։
«Թուրքիայում գնաճն այնքան չի տարածվում, ինչպես լիրայի արժեզրկումը։ Իմ տեղեկությամբ՝ Թուրքիայում ներվային ֆոնը բարձր է, սպասումները՝ բացասական, այդ ամենից տուժում են տնային տնտեսությունները»,-ասաց տնտեսագետը։
Հրանտ Միքայելյանն ասաց, որ բազմաթիվ թուրքական ընկերություններ, այդ թվում՝ պետական կապիտալով, որոնք խոշոր նախագծեր են իրականացնում՝ օդանավակայան կամ այլ ենթակառուցվածքներ են կառուցում, դոլարային պարտքեր ունեն, իսկ դրա երաշխավորը պետությունն է։ Հետեւաբար, ինչպես տնտեսագետն ասաց՝ դա պետական պարտքն ավելի թանկ է դարձնում։
Կարդացեք նաև
«Վատթարացել է Թուրքիայի ներմուծում- արտահանում սալդոն, սա հիմնականում պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ, այստեղ մեծ դեր ունի զբոսաշրջությունը, որն ամբողջությամբ բացակայում է։ Թուրքիայում փորձում են փոխհատուցել՝ փորձում են որքան հնարավոր է բացել զբոսաշրջությունը, բայց դա արվում է այն ֆոնին, երբ կառավարությունը կեղծում է կորոնավիրուսի վիճակագրությունը։ Ունենք ստույգ տեղեկատվություն, որ Ռուսաստան եւ Վրաստան կորոնավիրուս է ներմուծվել՝ երբ սկսվեց երկրորդ ալիքը»,-ասաց տնտեսագետը։
Նա նաեւ նշեց՝ մենք չպետք է ակնկալենք, որ Թուրքիայի տնտեսությունը մեկ օրվա մեջ կփլուզվի․ «Սա միջնաժամկետ գործընթաց է, բայց այդուհանդերձ, բավականին վտանգավոր է Թուրքիայի համար։ 1-2 տարի անկումը կտեւի»։
Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ եթե Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, նրա համար բարդ կլինի դիմակայել, օրինակ Սաուդյան Արաբիան հրաժարվել է թուրքական ապրանքներից։ Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կգործի մյուս տարվանից։ Տնտեսագետի կարծիքով՝ սա ճիշտ որոշում է, որը պետք է ավելի վաղ սահմանվեր, ընդ որում, 1992 թվականից Թուրքիան հայկական ապրանքների վրա էմբարգո է սահմանել։ ՀՀ-ի այս պատժամիջոցը շատ մեծ դեր չի խաղա Թուրքիայի տնտեսության վրա, բայց, ըստ տնտեսագետի, որոշակի դեր կխաղա, օրինակ՝ մի քանի հազար թուրք քաղաքացիներ գործազուրկ կդառնան, ինչը գլխացավանք կլինի այդ երկրի կառավարության համար։
Մինչ այս պատերազմն էլ Թուրքիայի տնտեսությունը մի լավ վիճակում չէր, այն, ինչպես պարոն Միքայելյանն ասաց, անկում էր գրանցում 2018-ի կեսերից, հետո մի փոքր կայունացել էր, բայց կորոնավիրուսի տարածումն ազդեց եւ կրկին անկում սկսվեց, հիմա էլ պատերազմն է նպաստում անկմանը։
Ինչպիսին կլինի ներդումային միջավայրն այդ երկրում։ Տնտեսագետի կարծիքով՝ Էրդողանի 2022 նախագծի իրականացումը հարցականի տակ է․ «Թուրքիան իր ամբիցիաների զոհն է նաեւ տնտեսությունում, դա իհարկե, վտանգում է ներդրումները։ Հիմա ավելի շատ են քննարկվում պատժամիջոցների հարցը, բոլորը գիտեն, որ Թուրքիան խոցելի է։ ԵՄ-ում գիտեն, որ կան երկրներ, որոնք դեմ են Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, օրինակ՝ Հունգարիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, չնայած, որ նրանց դիրքորոշումը կարող է փոխվել՝ պայմանավորված Արցախում ընթացող պատերազմով եւ ԵՄ-ում ահաբեկչության ակտիվացմամբ։ Սա անբարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծում Թուրքիայի համար։ Բայց Թուրքիան կփորձի այդ ամենը փոխհատուցել իսլամական երկրներից բերվող ներդրումներով, եւ իհարկե, Մեծ Բրիտանիայի հետ լավ հարաբերություններով կփորձի փոխհատուցել։ Լիբիայից եւ Իրաքից շատ մեծ ծավալի եւ էժան նավթ է ներմուծում, Ադրբեջանից՝ էժան գազ։ Այսպիսով, Թուրքիան փորձում է քաղաքական միջոցներով տնտեսական խնդիրներին պատասխանել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ