Լրահոս
Օրվա լրահոսը

«Արիության համար» մեդալը նույնիսկ չեմպիոնական մեդալներիս փայլն է խամրեցրել». Կարեն Պետրոսյան

Նոյեմբեր 09,2020 15:25

«Կարատեի Հայաստանի չեմպիոն», «Լավագույն մարզիկ զինվոր» մեդալները ամենից նշանակալին էին Կարեն Պետրոսյանի համար մինչ այն պահը, երբ իմացավ, որ պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Տասնիննամյա կրտսեր սերժանտը առանց վարանելու համաձայնել է ներգրավվել այն խմբում, որը համագործակցելով աշխարհազորայինների հետ, ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժն ու զրահատեխնիկան, գրավել նրանց դիրքը, ականապատել ու բարեհաջող դուրս եկել տարածքից։

«Որ տենց հնարավորություն ստացա, էդ պահին մտքումս մենակ գործելն էր, իմ առաջ դրած խնդիրը պիտի ճիշտ ձևով կատարեի, ինչ գնով էլ լիներ»,- ասում է Կարենը։

Տարածքից դուրս գալու պահին թևի ու ոտքի շրջանում ստանում է վնասվածքներ: «Բեկորներ էին մտել ոտքս ու հասել էին մկաններիս, չէի կարողանում քայլել, բայց ինձ մոռացա էն պահին, երբ նկատեցի, որ ընկերս դժվարանում էր շնչել, իր թոքն էր վնասվել, առաջինն իրեն օգնեցինք, ինքն ինձնից կարևոր էր էդ պահին»,-շարունակում է Կարենը։

Ընտանիքի անդամները ամեն օր խոսել են Կարենի հետ, բայց այդ օրը չի զանգել ոչ ծնողներին, ոչ էլ քրոջը։ Չնայած ներքին տագնապին, մայրը՝ տիկին Լարիսան բոլոր անհանգստացողներին ասում էր, որ այդ օրն էլ է տղան զանգել. «Պատերազմի առաջին օրվանից Կարենիս կնունքի խաչը ձեռքումս ամեն օր եկեղեցի եմ գնում, խոսում եմ Աստծո հետ, խնդրում, որ պահի ու պաշտպանի իմ ու բոլոր զինվորի մայրերի որդիներին»,- ասում է նա։ Վիրավորվելու մասին լուրը իմանում են դեպքի հաջորդ օրը, երբ Կարենն արդեն տեղափոխվում էր Երևան:

«Երբ ընկերները ասացին, որ Կարենի միայն ոտքն է վիրավոր, չէի հավատում, որովհետև երազ էի տեսել, որ թևը վիրակապած ինձ ընդառաջ է գալիս»,- պատմում է ավագ քույրը՝ Սիլվին։

Տիկին Լարիսայի մոտ որդուն տեսնելու երջանկությանը զուգակցվել էր հպարտության հետ` Կարենն իր մի մասնիկն է ունեցել կերտվող հաղթանակում։ Հպարտությունը կրկնապատկվել է, երբ հոկտեմբերի 19-ին հարազատներն ու ընկերները չզիջելով միմյանց զանգել ու շնորհավորել են՝ որդու պարգևատրման առիթով։

Կարենն այդ մասին իմանում է, երբ ընկերը մտնում է հիվանդասենյակ, արթնացնում ու բարձր ձայնով կարդում Արծրուն Հովհաննիսյանի այդ հրապարակումը. «Ընդհանրապես չէի սպասում, որ նման բան կլինի։ Մի «Արիության համար» մեդալը նույնիսկ չեմպիոնական մեդալներիս փայլն է խամրեցրել»,- ժպիտով ասում է Կարենը։

Կրտսեր սերժանտը դեռ գտնվում է բուժման փուլում, սակայն չի համբերում, թե երբ է նորից ռազմաճակատում կանգնելու ընկերների կողքին: «Քանի պատերազմը շարունակվում է՝ դա նշանակում է, որ իմ բաժին գործը մինչև վերջ չեմ արել։ Պիտի գնամ, պիտի գնանք բոլորով ու մեր արնաթաթախ հաղթանակը բերենք»,- ասում է հերոսը։

Լսելով Կարենի այս խոսքերը՝ տիկին Լարիսան խոնավ ասչքերով նայելով որդուն, ավելացնում է. «Հանուն ընկածների մեր երեխեքը պարտավոր են ու պիտի հաղթեն»։

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30