Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների՝ իշխանությունն առաջարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել, որոնց համաձայն՝ կխստացվի ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար նախատեսված պատիժը, ընդհուպ առաջարկվում է 4-ից 8 տարի ազատազրկում՝ ռազմական դրության ընթացքում պետական պաշտպանության դեմ ուղղված քարոզչության համար։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ռազմական դրության ընթացքում կարող են լինել այնպիսի տեղեկություններ, որոնց տարածումը մեծ վնաս կարող է հասցնել պաշտպանական ռեսուրսներին, ուստի տվյալ դեպքում ցանկացած խիստ պատիժ կարող է հիմնավորված լինել․ «Ամեն դեպքում մենք կցանկանայինք իշխանությունների կողմից տեսնել ավելի համաչափ և հասկանալի տրամաբանական գործողություն վտանգավոր և վնաս հասցնող տեղեկությունների տարծաման առումով՝ օգտագործելով եղած իրավական հնարավորությունները»։
Նրա խոսքով՝ մտահոգիչ է ոչ թե, որ խիստ միջոցներ են շրջանառվում, այլ այն, որ այդ միջոցները համաչափորեն և հետևողականորեն չեն կիրառվում․ «Եթե մենք տեսնում ենք, որ օրինակ, սոցիալական ցանցերում կան բազմաթիվ օգտատերեր, որոնք իրոք շատ վտանգավոր լուրեր են տարածում միայն այն պատճառով, որ իրենք սովորաբար կեղծանուններով են հանդես գալիս, հետևողականորեն իրենց տեղը վայրը, ինքնությունը չի պարզվում, բավարար միջոցներ դրա համար չեն կիրառվում, իսկ նրանք ովքեր հեշտ հասանելի են, բայց ֆորմալ առումով կատարում են խախտում, որից որևէ լուրջ հետևանք չի ենթադրվում, լինում են տուգանքների նշանակում կամ տեղեկությունների տարածման արգելափակում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: