Ռուսաստանը չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության հնարավորությունը
Անցյալ շաբաթ Ռուսաստանն ու Թուրքիան շփումներ ունեցան ղարաբաղյան կարգավորման գործընթացում շուրջ: Նկատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից զատ Մոսկվայի ակտիվությունը՝ Թուրքիայի հետ բանակցելու, ինչ-որ համաձայնության գալու հարցում:
Նախ՝ Ռուսաստանի նախագահը հավաստիացրեց, որ ռուսական կողմն անում եւ անելու է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ ավանդական հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: «Համենայն դեպս, մենք կապի մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, ընդ որում՝ այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց», ասաց նա։
Ռուսաստանյան «Կոմերսանտին» տված հարցազրույցում, որի մեծ մասը նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հերթական անգամ կոչ արեց հակամարտության կողմերին եւ նրանց արտաքին գործընկերներին անշեղորեն հարգել կրակի դադարեցման, վերահսկողական մեխանիզմների ստեղծման եւ կոնկրետ ժամանակացույցով բովանդակային բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ պայմանավորվածությունները:
Կարդացեք նաև
Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ չնայած դեռ չի հաջողվել հասնել հրադադարի, Մոսկվան շարունակում է ամեն ինչ անել Բաքվին եւ Երեւանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար` սրա հետ մեկտեղ շեշտելով, որ առանց վերահսկող մեխանիզմների հրադադարին հնարավոր չէ հասնել: Ռուսաստանի արտգործնախարարն ըստ էության, ներկայացրել է նման վերահսկող մեխանիզմների տարբերակները` նկատելով, որ դրանց շուրջ դեռ չի հաջողվել համաձայնության գալ։ Լավրովի խոսքով` հնարավոր վերահսկող մեխանիզմներն են՝ էլեկտրոնային վերահսկողություն, Երեւանի եւ Բաքվի միջեւ թեժ գիծ, ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդների գործարկում, ռազմական կոնտինգենտի տեղակայում Ղարաբաղում:
Տարօրինակն այն է, որ վերահսկման մեխանիզմների թեման արծարծելով Մոսկվան չի արձանագրում, որ տարիներ շարունակ այս պահանջին, որը միջնորդները սկսեցին ավելի ինտենսիվ ներկայացնել դեռ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, մերժել է ադրբեջանական կողմը: Հիմա Լավրովն ասում է. «Կայուն հրադադարի դժվար է հասնել առանց վերահսկողության գործուն միջոցների մասին պայմանավորվածությունների», հետեւաբար հարց է ծագում՝ ինչպե՞ս վարվել Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք մերժել եւ մերժում են այդ մեխանիզմների կիրառմանը:
Հարցազրույցում Լավրովն անդրադարձել էր նաեւ ահաբեկիչների թեմային` ընդգծելով, որ Ղարաբաղում կռվող վարձկան-ահաբեկիչների թիվը մոտենում է 2000-ի` հավելելով, որ այս հարցը ՌԴ ղեկավարությունը պարբերաբար բարձրաձայնում է:
Այս ամենի հետ միասին հարցազրույցում նշվում էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում խաղաղություն պարտադրել կողմերից եւ ոչ մեկին, փոխարենը փորձելու է այսուհետ եւս համոզել նրանց դադարեցնել ռազմական գործողությունները. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Ռուսաստանին կապում են ընդհանուր պատմությունը, մշակույթը, առաջադեմ հումանիտար եւ տնտեսական կապերը, հարկադրանքի դրսեւորումը մեր կողմից առավել քան անտեղի է»:
Լավրովը եւս մեկ անգամ ընդգծել էր, որ Ռուսաստանը դեմ է, որպեսզի փոխվի հակամարտության միջնորդների ձեւաչափը, խոսքը Մինսկի խմբի համանախագահների մասին է, սակայն կարեւորելով Թուրքիայի դերն ու ազդեցությունն Ադրբեջանի վրա` Մոսկվան աշխատում եւ շարունակելու է աշխատել նաեւ Թուրքիայի հետ հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ:
Մոսկվան այսպիսով, հասկացնել է տալիս, որ թեեւ խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում է, սակայն թուրքական կողմի հետ պետք է աշխատել: Լավրովն ասում է. «Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ։ Հույս ունենք, որ ի վերջո Բաքվում եւ Երեւանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, մարտական գործողությունները կդադարեն, եւ ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական հուն»։
Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Էրդողանի եւ Ալիեւի՝ Ղարաբաղյան կարգավորման նոր ձեւաչափ ստեղծելու առաջարկին, ըստ էության` «2×2», որտեղ առանցքային արտաքին խաղացողները կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան, հարցին պատասխանելիս, Լավրովն ասում է, որ բանակցային ձեւաչափի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ կան, այդ թվում՝ դրա ընդլայնման, փոփոխության եւ այլն, եւ որ այս թեման, փաստորեն, քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը։
Այսինքն, Մոսկվան, ամենեւին էլ չի բացառում գոյություն ունեցող ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոփոխության հնարավորությունը՝ միտված խաղաղ կարգավորմանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղում կռվող վարձկան-ահաբեկիչների վերաբերյալ Մոսկվայի կողմից արդեն որերորդ անգամ արձանագրմանը, ապա այս հայտարարությունը Բաքվում կրկին սվիններով ընդունեցին: Հիշեցնենք, որ Արցախում կռվող վարձկան-ահաբեկիչների խնդիրը բարձրաձայնվել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ` հոկտեմբերի 27-ին:
Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղ ջիհադիստների տեղափոխումը կարող է հանգեցնել Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացման, անցյալ շաբաթ Լավրովին լրացրեց նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ կան տեղեկություններ այն մասին, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներին Մերձավոր Արեւելքից տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրանք, Զախարովայի խոսքով, դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը. «Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ մտահոգություններ չառաջացնել, քանի որ հեռանկարում իրավիճակի նման զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ այժմ արդեն Անդրկովկասում»։
Մինչդեռ Ալիեւը շարունակում է ստերի տարափն անգամ այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետությունները, Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները շարունակում են արձանագրել վարձկան-գրոհայինների առկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ալիեւը անհիմն որակեց Լավրովի հնչեցրած հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է 2000-ի՝ իսպանական EFE լրատվական գործակալության հետ զրույցում նաեւ հավելելով, թե Ռուսաստանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։
Բանը հասավ նրան, որ Ալիեւը սկսեց բացատրել, թե ինչպիսին պետք է լինեն միջնորդները. «Միջնորդերը պետք է լինեն չեզոք։ Եթե նրանք կանգնում են ինչ-որ մեկի կողքը, իրենց գործն է, սակայն այդ դեպքում պետք է թողնեն միջնորդությունը», ասում է նա՝ ապա հավելում. «Ինչո՞ւ նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ցուցաբերվող ռազմական օգնության մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցության մասին»։
Ալիեւը շարունակում է կեղծիքների հեղեղն անգամ այն դեպքում, երբ հայկական կողմը ներկայացրել է գերեվարված երկու վարձկանների մասին տեսանյութեր, որտեղ երկուսն էլ պատմում են, թե ինչպես են հավաքագրվել Սիրիայում ու Թուրքիայի միջոցով տեղափոխվել Ադրբեջան։ Թուրքիայի մասնակցությամբ իրենց իսկ սանձազերծած պատերազմում այժմ Ալիեւը որոշել է մատնանշել ՌԴ-ից Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունն, այն դեպքում, երբ ողջ աշխարհի համար ակնհայտ է, որ Արցախը կռվում է թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների մի քանի հազար ծայրահեղականներ տեղափոխվել են ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հավելելով, որ Թուրքիան առաջին անգամ այդպես բացահայտ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից։ Ադրբեջան տեղափոխված իսլամիստ զինյալների մասին հոկտեմբերի վերջին գրեթե միաժամանակ խոսեցին նաեւ Միացյալ Նահանգների ու Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները։
Հոկտեմբերի վերջին Երեւան ժամանած Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանը «շատ անհանգստացած է» Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունից եւ իր մտահոգությունն է փոխանցել պաշտոնական Բաքվին։ Իսկ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը հոկտեմբերի 30-ին նշեց, թե «Չնայած Թուրքիայի ժխտումներին, կան արժանահավատ հաղորդումներ, որ Թուրքիան հակամարտություն է մտցրել զինյալների՝ Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակից»։
Ալիեւի մոտ դեռ անցյալ շաբաթվանից նկատվող ջղաձիգ տրամադրությունները ցրելու նպատակով շաբաթվա վերջից օգնության հասան թուրքական իշխանությունները:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ