ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեռեւս հոկտեմբերի 27-ին դիմել էին վարչապետին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, բայց այդ դիմումը որեւէ արձագանք չունեցավ: Այսօր նրանք կրկին նույն հարցով դիմել են վարչապետին ու հայտարարություն են տարածել: Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ երկու շաբաթ առաջ, երբ դիմեցին, բազմաթիվ հարցեր էին կուտակվել, որոնց պատասխանելու իրավասությունը բացառապես Անվտանգության խորհրդի անդամներն ունեին. «Սահմանափակվեցին վարչապետի խոսնակի հայտարարությամբ, թե օրեր առաջ այլ ձեւաչափով հանդիպում արդեն իսկ կայացել է: Սակայն ինձ համար դա առավել քան տարօրինակ ձեւակերպում է, որովհետեւ ռազմական դրության պայմաններում՝ պատերազմական իրավիճակում, երբ յուրաքանչյուր վայրկյան սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ, խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, եթե գտնում են այդ անհրաժեշտությունը եւ հրամայականը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք այնուամենայնիվ լինի: Անցել են շաբաթներ այդ գրությունից, բնականաբար, մեր հարցերը պատասխան չեն ստացել, ինչպես նաեւ դրանց բազմաթիվ այլ հարցեր են գումարվել: Այսօր առավել քան անհրաժեշտ ու հրամայական է դիտարկվում նմանատիպ հանդիպման անցկացումը: Այս պահի դրությամբ դեռեւս չունենք վարչապետի որեւէ արձագանք»:
Հարցին՝ ռազմական դրության, իրավիճակի հետ կապված տեղեկատվություն հստակ տրվում է, անգամ՝ քարտեզներով, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից, ի՞նչ եք ուզում իմանալ՝ Տոնոյանը պատասխանեց. «Որեւէ մեկի համար կասկած չէ, որ տեղեկատվությանը տիրապետում են 100 տոկոսով բացառապես իշխանությունները՝ վարչապետը, Անվտանգության խորհրդի անդամները: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ունեն իրավասություն տիրապետելու այդ ինֆորմացիային, որը կապված է ՀՀ սահմանների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ