«Այս տարվա պետբյուջեում նոր ծրագիր ավելացնելով՝ 890 միլիոն դրամի չափով կորոնավիրուսի պատվաստանյութի համար կանխավճար ենք իրականացրել: Կա պատվաստանյութերի գնումների եւ բաշխման միջազգային պլատֆորմ, ստեղծված այդ թվում ԱՀԿ-ի մասնակցությամբ, որին մասնակցելու իմաստն այն է, որ ՀՀ-ն հնարավորություն է ունենալու ստանալ այն պատվաստանյութը, որը կհաստատվի համաշխարհային մակարդակով եւ հասանելի կլինի պլատֆորմին մասնակցող 183 երկրներին»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նշված թիվը մոտ 30%-ն է ընդհանուր վճարի, այսինքն՝ մյուս տարի մնացած հատվածն էլ ենք ավելացնելու, եւ դա բավարարելու է մեր բնակչության տասը տոկոսին իմունիզացնելուն: Ինչո՞ւ տասը տոկոսին, որպեսզի նախ հնարավորություն ունենանք բանակցությունների միջոցով, եթե լինեն, ավելի մատչելի պատվաստանյութի քանակ ձեռքբերել, եւ երկրորդ՝ մտավախություն կա, որ ավելի շատ ձեռքբերումները կարող են չսպառվել՝ հաշվի առնելով երկրում առկա մթնոլորտն իմունիզացիայի հանդեպ: Քայլեր ենք ձեռնարկելու այդ մթնոլորտը կոտրելու, բայց, այնուամենայնիվ, նշյալ տասը տոկոսը բավականացնելու է մոտ 300.000 հոգու: Իսկ հաշվի առնելով այն, որ պատվաստանյութերի մեծ մասը կրկնակի դոզայով է, խոսքը մոտ 600 000 միավոր պատվաստանյութի մասին է»,-հավելեց նախարարը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ