Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեցել ենք կորոնավիրուսով 343 կրկնակի վարակման դեպքեր՝ 107 հազարից». Արսեն Թորոսյանն ասաց, որ հիմա թթվածնի սարքի դեֆիցիտ չկա, թթվածնի խնդիր ունենք

Նոյեմբեր 09,2020 13:22

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով կորոնավիրուսով հիվանդների մասին, ասաց, որ լինում է՝ բուժումը շատ երկար է տեւում՝ ամիսներ: Բուժված լինելու փաստը այլեւս թեստավորումով չի արձանագրվում, այլ՝ կլինիկական լավացումով՝ խորհուրդ տալով, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 14 օր մնալ տանը:

Նախարարն ասաց, որ այս պահին 861 մարդ սպասում է հոսպիտալացման. ծայրահեղ ծանր են 180-ը, ծանր՝ 897: Արհեստական շնչառության սարքերով այս պահին շնչում է 73 հիվանդ, սարքերով ապահովված են բուժկենտրոնները, պակաս չկա. «Ձեռքբերումներ արել ենք ու դեռ շարունակում ենք անել: Այստեղ մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ բուն թթվածնի: Համաշխարհային դեֆիցիտ կա, մեր երկրի թթվածնային հզորությունները աշխատում են, այսպես ասած, սահմանի վրա ու մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որ հանկարծ որեւէ խնդիր չլինի»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ աճ սպասում էին, բայց ոչ այսպես քառապատիկ, հնգապատիկ, ամեն ինչ անելու են, որ պահանջարկն ապահովեն: Ինչ վերաբերում է նոր մահճակալային տեղեր ունենալուն, նա ասաց, որ սրանից ավելի տեղ հնարավոր չէր ունենալ:

Հարցին՝ երկրորդ անգամ վարակվելու դեպքեր եղե՞լ են՝ նախարարը պատասխանեց. «Այո, եղել են: Վերջին թվերը կարող եմ ասել՝ առնվազն մեր համակարգում արձանագրված, կրկնակի դրականների բուժումից հետո, երբ եղել է դրական, հետո բուժվել է, հետո մեկ ամիս հետո նորից կրկնակի դրական է եղել, դրանց թիվը մինչ օրս եղել է 343 ամբողջ հանրապետությունում: Շատ կոպիտ եթե ասեմ, կարող ենք ասել, որ ունեցել ենք 343 կրկնակի վարակման դեպքեր՝ 107 հազարից:

Արսեն Թորոսյանը վստահեցրեց, որ վիրավոր զինծառայողների բուժօգնությունը պատշաճ իրականացնում են, որեւէ մերժում կամ ուշացում չի եղել ու չի կարող լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30