«Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը դեռ չի հաստատվել, որովհետեւ կառավարության ուշադրությունն այս իրավիճակում չի կարող շեղվել դրանով: Այդուհանդերձ, տեսնում ենք կորոնավիրուսի տարածումը եւ հիվանդների քանակի, մահացածների թվի աճը, ինչը չի կարող չմտահոգել: Ի՞նչ լուծումներ եք տեսնում, թեեւ հասկանալի է, որ ներուժն առաջնահերթ բանակին է սպասարկում, դա քննարկման ենթակա չէ: Բայց, ցավոք, կորոնավիրուսից մահացության ավելացում ունենք»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Հանձնաժողովի առնչությամբ Թորոսյանը նշեց, որ իրենց գործողություններում միշտ բաց են հանրության եւ գործընկերների առաջ. «Սակայն հանձնաժողովի գոյության փաստը մեր գործունեության հետ որեւէ կերպ կապել չեմ ուզում: Ճիշտն ասած՝ կապ չեմ տեսնում այսօրվա վատ իրավիճակի եւ հանձնաժողովի գործունեության միջեւ»:
Ապա Թորոսյանը փաստեց, որ ահագնացող թվեր կան. «Այսօր 1042 նոր դեպք կա: 107 466 ընդհանուր հաստատված թիվ ունենք, որը շատ մեծ է: Դժբախտաբար, ունեցել ենք 21 մահվան դեպք, ընդհանուրը՝ 1580: Առողջապահական համակարգը կոչված է լինելու հիվանդությունները կանխարգելող, սակայն քանիցս ասել ենք, որ սա հանրային խնդիր է՝ բոլորի խնդիրը: Համակարգը գերլարված աշխատելով՝ ռազմական գործողություններից տուժած զինծառայողների եւ քաղաքացիների առնչությամբ որեւէ թերացում չունի: Չկա գեթ մեկ զինվոր կամ քաղաքացի, որն ունեցել է վիրավորում ու վնասվածք, եւ չի ստացել պատշաճ բուժօգնություն: Մենք հարյուր տոկոսով ծածկում ենք դաշտը, ունենք նաեւ ռեզերվ՝ այլ զարգացումների համար անգամ: Նույնը չենք կարող ասել կորոնավիրուսի առնչությամբ, որովհետեւ ռեսուրսները սահմանափակ են եւ այլ կերպ լինել չէր կարող: Հետեւաբար՝ չնայած մոբիլիզացիային, ռեսուրսն օգտագործվում է ըստ ցուցումների՝ պացիենտների վիճակի: Մեր խնդիրն է՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին հոսպիտալացնել, մյուսներին՝ բուժել տանը, որոշների դեպքում՝ միայն խնդրել մնալ տանը»:
Այսօրվա վիճակը նկարագրելով՝ Արսեն Թորոսյանը հայտնեց. «Առավոտյան 9:00-ի դրությամբ 861 քաղաքացի սպասում է իր հերթին՝ ստանալու Covid-ով ցուցված բուժօգնություն: Նրանց մի մասը գտնվում են այլ ԲԿ-ներում եւ սպասում են տեղափոխման, բայց մեծ մասը տանն է: 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր վիճակ է: Հերթը փորձում ենք հնարավորինս փոքրացնել, բայց թիվն աճում է, որովհետեւ վարակվածների թիվն էլ է աճում: Թվերը զսպելու նոր միջոցառումներ ես այլեւս չեմ պատկերացնում»:
Կարդացեք նաև
Արկադի Խաչատրյանը նաեւ նկատեց՝ կորոնավիրուսի թեստերը, որոնք 15 կամ 20 000 դրամ են, մատչելի չեն քաղաքացիների համար, ինչի պատճառով նրանք չեն թեստավորվում եւ դառնում են վարակի տարածման աղբյուր:
Արսեն Թորոսյանն ասաց. «Իրականացված թեստերի առյուծի բաժինն արվել է անվճար՝ պետբյուջեի եւ նվիրատվությունների շնորհիվ: Հիմա էլ մեծ մասն այդպես է իրականացվում՝ բժշկական ցուցման դեպքում (ջերմություն, վարակիչ հիվանդությունների ախտանշաններ): Իսկ վճարովի թեստերն արվում են ՀՀ ժամանած քաղաքացիների համար: Եթե թեստը բացակայում է, պետք է հանձնեն: Վճարովի է նաեւ սեփական ցանկությամբ թեստավորումը: Իսկ նախարարությունը դրանց գների առնչությամբ լիազորություն չունի, թեեւ աշխատում է ՏՄՊՊՀ-ի հետ: Մեզ վստահեցնում են, որ 15 հազար դրամը նորմալ գին է, եւ հնարավորության դեպքում գինը կիջեցվի: Նոր տեսակի հակագենային թեստեր կան, որոնք քսուկով են հայտնաբերվում, որոնց ներմուծումը կբերի շուկայում փոփոխությունների: Մոտ 50 000 նման թեստ ենք ստանալու՝ անվճար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ