Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայողների պրոթեզավորման խնդիր չունենք, կարիքի դեպքում էլ վերանայումներ կանենք». նախարար

Նոյեմբեր 09,2020 12:41

«Այո, ժողովրդագրական ծրագրերի կարեւորությունը մեծանում է, բայց ես պետք է ասեմ, որ 2020թ. սկսված ծրագրերով, ըստ հոկտեմբերի տվյալների, դրանք եւ շահառուների նախատեսված քանակը դեռ չի լրացել»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվել էր, թե պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդագրական վիճակին ուղղված նոր ծրագրեր կա՞ն: «Բյուջեով ավելի է նախատեսված, քան իրականացվել է: Իմ գնահատմամբ՝ դեռ ունենք բավականին ծրագրեր, բայց շահառուների դիմումները քիչ են: Իհարկե, ծրագրերը կվերանայվեն եւ կքննարկվեն: Այն առաջարկները, որոնք կարծում եք, որ կարեւոր են, ուրախ կլինեմ քննարկելու»,-նշեց նախարարը:

Գրիգորյանը հստակեցրեց հարցը՝ ժողովրդագրական ծրագրերի հետ կապված ի՞նչ տեսլական ունեք: «Դրանք միայն սոցիալական ոլորտին չեն վերաբերում: Ունենք ծննդյան միանվագ գումարի ավելացում, խնամքի նպաստ, բնակարանի ապահովում: Վերջինս ամենամեծ խոչընդոտն էր երիտասարդ ընտանիքների դեպքում: Ուստի գործում է հանձնաժողով, որը միջգերատեսչական գործակցության նպատակ ունի: Առողջապահության ոլորտում էլ կան նման ծրագրեր: Կարեւոր է նաեւ երեխայի խնամքի ոլորտը՝ մանկապարտեզներ, նախակրթարաններ, ուստի միայն մեկ ոլորտում ծրագրերի ավելացմամբ չենք կարող հարցը լուծել: Քննարկումները շարունակվում են, եւ ծրագրերը կվերանայվեն այս տրամաբանությամբ»,-պատասխանեց Զարուհի Բաթոյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նկատեց. «Ձեր նախարարության շահառուների առնչությամբ զինծառայողների հետ կապված շփոթություն կա»:

Տիգրանյանը նաեւ կարծում է, որ հաշմանդամություն ունեցողների առնչությամբ բյուջեում ծախսերի վերանայում անհրաժեշտ կլինի: Բաթոյանն այս առիթով անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներին. «Պատերազմի սկսվելու առաջին օրերից այս մասին մտածել ենք, քննարկել, որ հատկապես բյուջեում դա նկատի ունենանք: Մեր քննարկումները ցույց են տվել, որ մենք այս պահի դրությամբ բյուջեի իմաստով որեւէ խնդիր չունենք, որովհետեւ որոշակի աջակցող տեսակների դեպքում նախորդ տարի ունեցել ենք վերաբաշխումներ, իսկ 2021թ.-ի դեպքում բյուջեում դա ավելի ճկուն կերպով ենք արտացոլել, որպեսզի աջակցող տեսակների, մասնավորապես՝ զինծառայողների պրոթեզավորման խնդիր չունենանք: Զինծառայողների դեպքում պրոթեզներն այլ են, տարբերվում են: Համենայն դեպս, մեր տվյալներով՝ այս պահին խնդիր չունենք: Անգամ եթե կարիք առաջանա, դժվարություն չկա ծրագրերը վերանայելու»:

Զարուհի Բաթոյանը նաեւ հայտնեց, որ քննարկման փուլում է պատերազմից տուժած անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագիրը, որը ոչ միայն կարճաժամկետ աջակցություն է ենթադրում, այլեւ ոլորտային երկարաժամկետ ծրագրեր, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական ծառայությունների առումով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30