«Իմ նման են մտածում շատ քաղաքական ու ռազմական գործիչներ եւս, որոնք, հավանաբար, կերկրորդեն իմ մտքերը». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
– Հայաստանի երրորդ հանրապետությունում, հիմնադրման օրից, հայտարարվեց, որ վարվելու է բազմավեկտոր քաղաքականություն: Հետագայում այս ուղղությունը պահպանվեց: Եթե պատերազմի 1,5 ամիսների կտրվածքով փորձենք վերլուծել՝ արդյունավե՞տ էր բազմավեկտոր քաղաքականությունը, որո՞նք են արդյունքները, նկատի ունենալով իրողությունը, որ բոլոր երկրներն էլ, միջազգային կառույցներն էլ կրավորական կեցվածք են դրսեւորում: Ի դեպ, բազմավեկտոր քաղաքականությունը ենթադրում էր նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններ եւ ֆուտբոլային դիվանագիտությունը, հատնի է, թե ինչո՞վ ավարտվեց:
– Ճիշտ եք, հայտարարվեց, նաեւ պահպանվեց, կամ եղան փորձեր այն պահպանելու եւ հավասարակշռելու բարդ աշխարհագրական ռեալիայում։ Սակայն արդյունքներն այնքան էլ շոշափելի չեղան։ Սա ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ Հայաստանի, որպես փոքր պետության աշխարհագրությունը, նրա կարեւորությունը տարածաշրջանում, ներհանրապետական եւ արտերկրի համայնքների ներուժը ամենատարբեր ոլորտներում պայմանավորում են անմիջական հարեւանների եւ գերտերությունների քաղաքականությունը մեր նկատմամբ։
Մեր երկու հարեւաններն ի սկզբանե որդեգրել են թշնամական վերաբերմունք, որը ներառվել է հայկական երկու պետությունները վերացնելու պանթյուրքիստական պլաններում, ինչն էլ նրանք ներկայումս փորձում են իրականացնել։ Իսկ գերտերություններն իրենց հերթին փորձում են Հայաստանն օգտագործել սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար, ինչը միանգամայն արդարացված է ցանկացած պետության քաղաքագիտական օրենքներով։
Կարդացեք նաև
Սակայն, արդարացի լինելու համար պետք է ասել, որ Արեւմուտքը, այդ թվում ԱՄՆ-ը, դիտարկում են Հայաստանը որպես Ռուսաստանի ազդեցության ոլորտում գտնվող երկիր, ինչն իր հերթին բարդացնում է հայկական դիվանագիտության մանեւրողականությունը, այն պարզ պատճառով, որ Վաշինգտոնը դիտում է Երեւանը, որպես Մոսկվայի արբանյակ՝ մի կողմից, իսկ նրա իշխանությունների փորձերը ակտիվորեն համագործակցելու Սպիտակ տան հետ, առաջացնում է Կրեմլի դժգոհությունը, մյուս կողմից, ինչին մենք ականատես ենք լինում Փաշինյանի արտաքին քաղաքականության քայլերի կապակցությամբ։
Ինչ վերաբերում է ձեր նշած բոլոր երկրների եւ միջազգային կառույցների կրավորական կեցվածքին, դրանում այնքան էլ պետք չէ փնտրել հայկական կողմի սխալները։ Միջազգային հանրության անտարբերությունն ամենից առաջ պայմանավորվում է XXI դարի նոր աշխարհակարգի փնտրտուքներով եւ կորոնավիրուսի ծնած միջազգային էգոցենտրիմզով։ Այդ ամենով հանդերձ, հարկ է, որ հայկական դիվանագիտությունն ակտիվ կերպով ուղիներ փնտրի եւ գտնի համագործակցության եզրեր այն պետությունների եւ կազմակերպությունների հետ, որտեղ մենք ունենք մեր ազգային շահերի եւ պետականության ամրապնդման հնարավորություններ։
Դրանք առաջին հերթին այն երկրները, բլոկներն ու կազմակերպություններն են, որոնք ձեւավորվում են թուրք-ադրբեջանական ագրեսիվ եւ նվաճողական քաղաքականության բարձրացմանը դեմ-հանդիման: Հեռանկարային եմ տեսնում կապերի զարգացումը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ, որպես բազմավեկտոր դիվանագիտության խոստումնալի ուղղություններ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկկողմ կամ բազմավեկտոր հարաբերությունների հաստատման հնարավորություններին, համարում եմ անհեռանկարային, անգամ վտանգավոր, քանի դեռ Անկարայի իշխանության ղեկին է այսօրվա վարչակարգը, որը փաստորեն պատերազմում է Հայաստանի դեմ։
– Այժմ Հայաստանում՝ իրավիճակին միջամտել-մեղմացնելու գործնական քայլերի եւ միջամտության ակնկալիքները բացառապես ՌԴ-ից են. ուզո՞ւմ ենք, մենք դա, թե՝ ոչ, դա մեզ դո՞ւր է գալիս, թե՝ ոչ: Այս համատեքստում՝ գուցե ճի՞շտ է վերանայել բազմավեկտոր կոչվող քաղաքականությունը եւ հստակ ուղղություններ ուրվագծել:
– Պետք չէ հրաժարվել բազմավեկտոր քաղաքականությունից, մանավանդ որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ մտնում են նոր փուլ՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պայմաններում։ Մենք մի կողմից պետք է սերտացնենք մեր համագործակցությունը երկկողմ հիմքերի վրա, մյուս կողմից՝ փնտրենք եւ գտնենք բազմակողմանի դիվանագիտության այնպիսի միջոցներ, հնարավորություններ եւ ձեւեր, որոնք բխում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի շահերից ու աշխարհաքաղաքական նպատակներից։ Հայկական դիվանագիտությունը պետք է ցուցաբերի հմտություն եւ ճկունություն՝ դառնալով կապող կամուրջ, օրինակ, Մոսկվայի եւ Դելիի, Մոսկվայի եւ Պեկինի, շատ կարեւոր է Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ։ Բազմակողմանի դիվանագիտության փորձված միջոցներից եւ տրյուկներից մեկն է նաեւ մաքոքային դիվանագիտությունը (shatel diplomacy), որը եւս չպետք է անտեսվի։ Բազմակողմ դիվանագիտությունը արդյունավետ եւ փոխշահավետ է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնվում այդ տիպի դիվանագիտության բոլոր մասնակիցների կենսական շահերը։
– Ի դեպ, Ձեր առաջարկը՝ մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք՝ նավթամուղը կամ գազամուղը վնասելով, միանշանակ չի ընկալվել: Տարակուսանքի տեղիք է տվել, որ նման առաջարկ է հնչում դիվանագետի կողմից: Սրան ի՞նչ կասեք եւ առհասարակ, Հայաստանում որոշումներ կայացնողների կողմից արձագանք-հետաքրքրություն գտե՞լ է Ձեր առաջարկը:
– Կասեմ, որ տարակուսանքին տուրք տվողները կամ պարզապես չեն գիտակցում Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի գլխին կախված մահացու վտանգը, կամ էլ, ավելի վատ՝ գիտակցելով նախընտրում են ընդունել ջայլամի հայտնի պոզան։ Այո, իմ խորին համոզմամբ, մարտական գործողությունները հարկ է, անգամ, մի փոքր ուշացած, տեղափոխել Ադրբեջանի տարածք՝ շարքից հանելու համար Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Եվլախի երկաթուղային հանգույցը, մյուս ռազմական կենտրոնները, Մռավի լեռնանցքից դուրս գալ Ռուսաստանի սահման՝ բաժանելով Վրաստանն Ադրբեջանից, կտրել Ադրբեջանին Հայաստանի ջրերից առատաբար օգտվելու ներկա հնարավորությունից։ Ռազմական առումով այդ ամենը հնարավոր է, դեռ։ Իսկ ինչ վերաբերում է նման առաջարկները դիվանագետի կողմից հնչեցնելու հանգամանքին, ավելացնեմ, որ ռազմական գործողությունները եւ միաժամանակյա դիվանագիտական քայլերն իրար չեն հակասում, այլ ընդհակառակը՝ փոխլրացնում են մեկմեկու։ Այդպես եղել է պատմության քառուղիներում։ Այժմ էլ ստեղծվել է նույն իրավիճակը։ Տարակուսողներին խորհուրդ կտամ շատ կարդալ եւ մեկ էլ ոչնչի առաջ չընկրկել, երբ զոհասեղանին Հայրենիքն է։ Գալով ձեր այն հարցին, թե «Հայաստանում որոշումներ կայացնողների կողմից արձագանք-հետաքրքրություն գտե՞լ է իմ առաջարկը»։ Ոչ՝ չի գտել։ Հուսանք՝ դեռ կգտնի։ Չէ՞ որ հույսը վերջինն է մեռնում։ Ի դեպ, իմ նման են մտածում շատ քաղաքական ու ռազմական գործիչներ եւս, որոնք, հավանաբար, կերկրորդեն իմ մտքերը։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2020