Բաքուն ուժեղացնում է բռնի զորակոչը
Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների լրատվական խողովակների հաղորդմամբ՝ թալիշները զանգվածաբար խուսափում են զորակոչվելուց՝ չցանկանալով արցախյան ռազմաճակատում մսաղացի մեջ ընկնել: Նրանք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են չհայտնվել ճակատում՝ թաքնվում են անտառներում ու լեռներում, աշխատում են չգիշերել տանը, որտեղ լուսաբացին կամ գիշերը կարող են ներխուժել ու բերման ենթարկել ոստիկանները եւ հատուկ ծառայությունների աշխատողները: Իսկ վերջիններս իսկական որս են սկսել զորակոչի տարիքի երիտասարդների, բայց հաճախ նաեւ՝ մեծահասակ թալիշների հանդեպ: Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում այս օրերին հատուկ գործողություններ են իրականացվում, որոնց նպատակն է՝ զորակոչել հնարավորինս մեծ թվով տեղաբնիկների: Փոխարենը՝ հազարավոր զոհեր ու վիրավորներ…
Ներկայում, տեղաբնիկների շահերը ներկայացնող լրատվամիջոցի հաղորդմամբ, Ադրբեջանն Արցախի դեմ գործի է դրել ողջ ներուժը. ռազմական գործողություններին մասնակցում են բանակի բոլոր չորս կորպուսները, Նախիջեւանի առանձին բանակի մի մասը, սահմանապահ զորքերը, ՆԳՆ աշխատակիցները, անգամ՝ ռազմածովային ուժերի ծովային հետեւակը: Եւ այս ամենը՝ չհաշված թուրքական հատուկ ջոկատայիններին եւ Սիրիայից թուրքամետ խմբավորումների զինյալներին, որոնց թիվը վերջին շրջանում ավելացել է: Ռազմաճակատը պահելու համար նոր ուժերի համալրման կարիք կա, եւ հուսահատ Բաքուն իր համար ոչ բարենպաստ ելք ունեցող ռազմական գործողությունների ընթացքը փորձում է փոխել նոր մոբիլիզացիայով, ինչից առավելապես տուժում են Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները: Նրանց տղամարդկանց մեծ մասին արդեն տարել են ռազմաճակատ, որտեղից շատերն այլեւս չեն վերադառնա, սակայն Ալիեւի համար դա էլ է քիչ. բռնի «մոբիլիզացիան» շարունակվում է:
Թեեւ արդեն իսկ կան զորակոչից խուսափելու առիթով հարուցված քրեական գործեր եւ ձերբակալվածներ, սակայն գնալով ավելի մեծ թվով քաղաքացիներ են հրաժարվում զորակոչվել, եւ, կարծես, դա կանգնեցնել հնարավոր չէ: Թալիշներն ու լեզգիները բացեիբաց ասում են, որ պատրաստ են բանտ ընկնել, միայն թե չգնան ռազմաճակատ: Երիտասարդները նկատի են ունենում, որ բանտից, վերջիվերջո, ելք կա, իսկ ահա Արցախից հազվադեպ են հետ գալիս: Էլ չասած, որ հաշմանդամություն ձեռքբերած կարգավիճակում ռազմական գործողությունների գոտին լքելը գրեթե 100%-ով ապահովված է:
Կարդացեք նաև
Թալիշ տղամարդիկ, լավ իմանալով տեղանքը, կարողանում են թաքնվել իրավապահներից, հավաքվել խմբերով, իսկ երբեմն նաեւ՝ ուժային հակահարված տալ, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ Արցախում կատարվողն իրենց պատերազմը չէ: Ավելին՝ դա խայտառակ եւ անմարդկային ռազմական հանցագործություն է, որի պատասխանատվությունը կրում է Ալիեւի ռեժիմը եւ անձամբ Ալիեւը. նա պատասխանատու է նաեւ թալիշների ազատությունը բռնի ճնշելու համար:
Հաշվի առնելով արցախյան ռազմաճակատում ադրբեջանական բանակի կորուստները եւ քաղաքացիներին զորակոչելու նվազող հնարավորությունները՝ կարելի է ենթադրել, որ Բաքուն շուտով կզրկվի գրոհող ներուժի մնացորդներից: Սա ենթադրում է, որ ալիեւյան ռեժիմի պարտությունը մոտ է, եւ դրան մասնակցելը պատիվ չի բերում ոչ միայն տեղաբնիկների զինվորներին, այլեւ հենց ադրբեջանցիներին:
Երբ վերջիններս շուտով սկսեն զանգվածաբար փախչել ռազմաճակատից, այդ ժամանակ կմեկնարկի «Ադրբեջան» անունով արհեստածին պետության փլուզման հիմնական եւ ամենակարեւոր փուլը:
Պատրաստեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2020