Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունու շրջանի խաղաղություն թելադրողները

Նոյեմբեր 09,2020 14:00

Ամենահիասքանչ մարդիկ՝ մեր տղաները, այսօր, այս պահին մի նոր պատմություն են կերտում՝ սխրալից էջերով: Նրանք ելան մարտի՝ սրտում եւ մտքում փայփայելով ազատ ու անկախ հայրենիք ունենալու պատգամը: Անսասան ու վճռական, իր երկրին ու հայրենակիցներին պաշտպան կանգնող Մոնթեի հետնորդների նպատակն ամեն կերպ Մոնթեաբերդ Մարտունին պաշտպանելն է, ինչ գնով էլ լինի: Տղաներն ասում են, որ շատ արյուն է թափվել մեր հողի համար, եւ նույն կերպ էլ պետք է պաշտպանենք՝ հանուն վաղվա, որպեսզի ավելի բարեկեցիկ փոխանցենք հաջորդ սերունդներին:

«Մարտունու շրջանից է սկսվում հաղթանակների շարքը»,- ասում է Մոնթեաբերդի դրոշն անառիկ պահող տղաներից Արտակ Մկրտչյանը: Նրա հետ խոսելու ժամանակ բազմաթիվ հերոսական դրվագների մասին տեղեկացա, որի մասին դեռ դարերով կխոսվի, քանզի մենք հայ ենք, անպարտելի հայ ենք եւ մեր արմատները դեռ շարունակվում են:

«Ընկերոջ ու հայրենակցի զոհվելը ոչ թե թուլացնում կամ ուժասպառ է անում, այլ հակառակը՝ ստիպում է ժպտալ, ավելի ուժեղ լինել ու շարունակել նրանց թողած գործը»,- ինձ հետ զրույցում ասել է Արտակը:

Նա զենքը վերցնում եւ շտապում է ընկերների մոտ՝ առաջնագիծ: Արտակը խոսքը եզրափակելով ասում է, որ Մարտունին անառիկ եղել է ու կլինի:

Այս օրերին թեժ մարտեր են ընթացել ու ընթանում Ճարտար քաղաքի ուղղությամբ: Ճարտարի բնակիչներն առանց երկմտելու պատերազմի առաջին օրից են ոտքի ելել՝ պաշտպան կանգնելով հայրենի հողին: Գրեթե ամեն օր զրուցում եմ ռազմաճակատի տարբեր հատվածներում ամեն պահ սխրանք գործող տղաների հետ: Սկզբից Հակոբ Ավանեսյանի հետ խոսեցի, չնայած մի քիչ խանգարեցի, որովհետեւ անվախ տղաներով դիրքերում ամենահամեղ բլինչիկն էին պատրաստում, բայց ինքն ասաց, որ հյուրերին անպայման հյուրասիրում են, չնայած մի քիչ վառված է եւ տան պայմաններում պատրաստածից տարբերվում է:

«Մարտական ոգիներս տեղն է, ոչ մի հետ քայլ: Մենք կռվում ենք մեր հայրենիքի համար, մեր լինելիության, ազատության համար: Ու մեր գաղափարը հստակ է, նպատակը՝ պարզ: Հաղթանակը մե՛րն է լինելու»,- զրույցի ընթացքում հավելեց Հակոբը:

Անշուշտ, պետք է փաստել, որ այս պատերազմի ընթացքում հրամանատարական կազմն էլ իր հերթին է փայլուն գործել:

Այստեղով Մոնթեն է քայլել ու նրա ոտնահետքերից բացի, ուրիշ չի կարող լինել. այս միտքն է յուրաքանչյուր սահմանապահի ուղեկիցը:

Ահա այսպես են Մոնթեի պաշտպանած հողին տեր կանգնում այսօրվա սերնդի ներկայացուցիչները, իրակա՛ն հերոս տղաները:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30