Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապահովել, որ որեւէ անհատի կամ անհատների խմբի ինքնությունը հրապարակայնորեն չբացահայտվի»

Նոյեմբեր 09,2020 13:30

 Դռնբաց նիստեր` գրավոր ընթացակարգերով

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկացրել էր, որ կառավարության կողմից խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն:

Օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ «վավերացնելով արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին: Արձանագրության մեջ նշվում է, որ այն կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ»:

Անդրադառնանք, կոնվենցիայի` մինչեւ վավերացման նախապատմությանը:

Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի մասնակցությամբ ՍԴ-ն հոկտեմբերի քսանյոթին լսել է այս կոնվենցիայի սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Կառավարության այս տարվա հուլիսի 23-ի N 1223-Ա որոշմամբ վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 30-ին:

Զեկուցողը Ա. Թունյանն է եղել:

«Դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով» գործով պարզվել է, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ին Նյու Յորքում` երեխաներին՝ իրենց իրավունքների խախտումների դեմ բողոքներ ներկայացնելու հնարավորություն տվող ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմներն ամրապնդելու եւ լրացնելու նպատակով:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված դրույթներին` նպատակաուղղված են ամրապնդելու եւ լրացնելու երեխաների իրավունքների պաշտպանության ազգային եւ տարածաշրջանային կառուցակարգերը:

Հայաստանը ստանձնել էր հետեւյալ պարտավորությունները`ճանաչել Կոմիտեի՝ արձանագրությամբ նախատեսված իրավասությունը, ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը՝ ապահովելու համար, որ իր իրավազորության ներքո գտնվող ոչ մի անհատ արձանագրության համաձայն ներկայացրած հաղորդագրությունների կամ Կոմիտեի հետ համագործակցության պատճառով չենթարկվի մարդու իրավունքների որեւէ խախտման, վատ վերաբերմունքի կամ ահաբեկման, ապահովել, որ որեւէ անհատի կամ անհատների խմբի ինքնությունը հրապարակայնորեն չբացահայտվի՝ առանց նրանց հստակ արտահայտված համաձայնության, ստանձնել պատշաճ ու ակտիվ միջոցներով եւ՛ չափահասներին, եւ՛ երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողներին, հավասարապես հասանելի ձեւաչափերով լայնորեն հայտնի դարձնել եւ տարածել Արձանագրությունը եւ դյուրացնել մատչելիությունը Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկություններին, մասնավորապես, այն հարցերի վերաբերյալ, որոնցում ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը:

Նշենք նաեւ, որ հիշյալ արձանագրությունը հնարավորություն է տալիս ԵԻԿ-ին` Երեխայի իրավունքների կոմիտեին իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու եւ լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաեւ առավել ընդլայնելու Կոնվենցիայի եւ համապատասխան դեպքերում դրա` «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» եւ Կոնվենցիային կից` «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը:

ՍԴ որոշումը ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Ռւզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30