Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ կռունկները հասնեն սահման, եւ լուր ստանանք, որ հաղթել ենք»

Նոյեմբեր 09,2020 13:00

Ինչ են պատմում արցախցի երեխաները եւ սպենդիարյանցիները տուն-թանգարանի ծրագրերի մասին։

Հայաստանյան թանգարաններն էլ մշակույթով են պայքարում հաղթանակի համար: «Առավոտը» զրուցել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի աշխատակիցների ու բացառիկ միջոցառման մասնակիցների հետ: Կոմպոզիտորի ծննդյան 149-ամյակի առիթով տուն-թանգարանը գեղեցիկ միջոցառում էր պատրաստել՝ համագործակցելով «Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնի հետ. միջոցառման ժամանակ արցախցի երեխաները պատրաստեցին խաղաղության կռունկներ եւ կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով, իսկ միջոցառման ողջ հասույթը ուղղվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Կրթական ծրագրերը շարունակվում են, այս ընթացքում նախագծվում են նոր կրթական ծրագրեր։ Էջմիածնում հանգրվանած արցախցի երեխաների համար նույնպես կան այդպիսի ծրագրեր»-, ասում է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը՝ հավելելով, որ իրականացված ծրագրերից են՝ կավագործությունը, նկարչությունն ափսեների մեջ:

Թանգարանի էջի հետեւորդները գնել են այդ հուշանվերները, կտրոնը ցույց տվել եւ գումարը գնացել է կրկին Համահայկական հիմնադրամին։ «Ունեցել ենք հաղթանակի տորթերի պատրաստում, հյուրընկալել ենք քեռի Մուլտիկնիկին, որը երեխաների համար ծրագիր է անցկացրել։ Այս ամենն ընթանում է Սպենդիարյանի տուն-թանգարանի գոյություն ունեցող կրթական ծրագրերի հետ՝ «Ես բեմանկարիչ», «Դիրիժոր», «Շրջայց թանգարանում»։

Տիկին Օթարյանը նաեւ նշեց, որ թանգարանը նոր կրթական ծրագրերի պակաս չունի, ամեն օր մի ծրագիր է ստեղծվում եւ թիմն իր ստեղծագործական միտքը, սիրտը, հոգին, ամեն բան ներդրում է, որպեսզի կարողանան մասնակցել այս գործընթացին եւ միասին հաղթենք նաեւ մշակույթով։

Խոսելով Արցախից եկած փոքրիկների տրամադրության եւ մասնակցության մասին՝ տնօրենն ասաց. «Սկզբում արցախցի երեխաները շատ ծանոթ չէին Սպենդիարյանին եւ մենք ինքներս էլ որոշեցինք, որ հաղթանակից հետո պետք է նրանց ավելի հաղորդակից դարձնենք մշակույթին։ Սկզբնական շրջանում ավելի զուսպ էին, փակված, սակայն հետո դարձան ավելի անմիջական, չկոմպլեքսավորված, ամեն երեխա իր խոսքն ու ցանկությունն է արտահայտում։ Նույնիսկ մեզ արդեն հրավիրել են Արցախ։ Ասել են՝ որ փողոցի վրա պետք է կանգնենք եւ կանչենք իրենց անունները, որ գան մեզ դիմավորելու, կարճ ասած՝ լավ ընկերություն է ստեղծվել։ Միջոցառումների ժամանակ էլ արդեն իրենց չենք հրավիրում, երբ միջոցառումը դրվում է ֆեսբուքյան էջին՝ իրենք անմիջապես կապվում են մեզ հետ եւ գալիս մասնակցելու»։

Տուն-թանգարանն ունի մի շատ լավ ավանդույթ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան եւ մահվան օրերին թանգարանի աշխատակիցները հավաքվում են կոմպոզիտորի հուշարձանի մոտ՝ Օպերայի բակում։ Տիկին Օթարյանի խոսքով՝ առհասարակ իրենց միջոցառումները կայանում են այդտեղ եւ մայրաքաղաքային մեծ միջոցառման բնույթ ստանում։ «Այս տարի, քանի որ բոլորս լծված ենք այս գործին եւ բոլորիս միտքն ու սիրտը Արցախի հետ է, մտածեցինք, որ կոմպոզիտորը երջանիկ կլիներ իր տան բակում, մայրաքաղաքի ամենահին բակերից մեկում՝ տեսնել այսքան արցախցի երեխաների»,-ասաց մեր զրուցակիցը։

Մասնակից երեխաներն էլ մեզ հետ զրույցում կիսվեցին տպավորություններով՝ ասելով, որ ոչ միայն մեծ ոգեւորությամբ են մասնակցում, այլեւ մարտական են տրամադրված։ Ստեփանակերտից Իննան պատմեց, թե ինչու է օրիգամի պատրաստում. «Նպատակն այն է, որպեսզի դնենք գլխարկների մեջ եւ ուղարկենք զինվորներին։ Ուզում եմ, որ այս կռունկները հասնեն սահման եւ լուր ստանանք, որ հաղթել ենք։ Թող որ մեր զինվորների մարտական ոգին բարձր լինի, որպեսզի կարողանան հաղթել թշնամուն»։ Մարիամն էլ խաղաղության աղավնի էր պատրաստում, նամակ է գրելու եւ ուղարկի զինվորներին. «Տպավորություններս շատ լավ են, այսպես ինձ զգացել էի միայն Ստեփանակերտում։ Երրորդ անգամ եմ այստեղ եւ շատ գոհ եմ բոլորից»։ Լիլիթի խոսքով էլ՝ այն, ինչ պատրաստում են, հաստատ խաղաղություն կբերի Հայոց աշխարհին։

Իսկ թանգարանի Հանրահռչակման կապերի պատասխանտու Մարիամ Հովունին էլ ասաց, որ իրենց ծրագրերին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, սակայն փորձում են այնպես համակարգել ամեն բան, որ միջոցառումը համաhունչ լինի մասնակիցների ունակություններին եւ հետաքրքրություններին. «Օրինակ, օրիգամիներ կարող են պատրաստել հիմնականում 10-ից բարձր տարիքի երեխաները։ Մասնակիցներին բաժանում ենք տարիքային խմբերի, սակայն բոլորի համար թանգարանը բաց է եւ անկախ տարիքից ոչ ոք անմասն չի մնում եւ գտնում է իր հետաքրքրությունը»։ Թանգարանի միջոցառումներում ընդգրկված են նաեւ երեխաների ծնողները, Մարիամի խոսքով՝ խեցեգործության ժամանակ ծնողները երեխաների հետ մեծ ոգեւորությամբ հավասար աշխատել են։

Առաջիկայում էլ «Ստեղծագործում եմ մայրիկիս հետ» ծրագիրն ունեն, որի ժամանակ արցախցի երեխաները հնարավորություն կունենան իրենց մայրիկների հետ շատ գեղեցիկ սպասք գունազարդելու։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30