Լրահոս
Օրվա լրահոսը

Համագյուղացիները մեծ բանաստեղծի հետ

Նոյեմբեր 09,2020 12:30

Պարույր Սեւակի համագյուղացի, ճարտարագետ-օդերեւութաբան, մասնագիտական եւ հասարակական թեմաներով բազմաթիվ հոդվածների հեղինակ Ռաֆիկ Կարապետյանը արեւերես է արել «Իմ հուշերը Պարույր Սեւակի մասին» հուշապատումների գիրքը («ՎՄՎ-Պրինտ» հրատարակչության տպարան, 2019 թ.)։ (Իր հովանավորին է սպասում հեղինակի «Զանգակատուն» պատմավավերագրական մեծադիր գիրքը)։

Հուշապատումների հավաքածուն ընդգրկում է հեղինակի համառոտ կենսագրականը եւ տասնմեկ հուշապատում, որոնք առանձնաշեշտվում են ջերմ ու անկեղծ, հպարտության ու երախտագիտության անխառն զգացումներով, ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, բառուբանով, հայրենի բնաշխարհի նրբահյուս նկարագրությամբ։ Վավերական, իրական ու ճշմարիտ փաստերին, իրողություններին, խոսքի հանդարտաբարո ոճին առօրեական ու գեղարվեստական գրավչություն են հաղորդում Պարույր Սեւակի մասին մի շարք նորահայտ ու սակավ հայտնի կենսագրական ու կենցաղային փաստեր, լուսանկարներ՝ ամբողջացնելով հուշապատումների բնույթն ու բովանդակությունը։ Տարիներ շարունակ, Պարույր Սեւակի հետ համագյուղացիների հանդիպում-զրույցների թեման, ինչպես դա ներկայացնում է Ռաֆիկ Կարապետյանը, եղել են հնամենի պատմության անցքերը, նոր ժամանակների դեպքերն ու իրողությունները՝ տոգորված հայրենազգաց մտորումներով, հույսի, հավատի անշեջ կրակներով, Սալմաստ-Խոյի բարբառի հարազատությամբ, բանաստեղծի ստեղծագործությունների «քննարկումներով», արտասանություններով, վերհուշներով ու կարոտներով…

Հուշագրքի առանցքային գծերից թերեւս արժեւորելի է այն հանգամանքը, որ Ռաֆիկ Կարապետյանը ոչ թե այլոց նման առաջադրույթ է ունեցել իր անձի կարեւորությունը, այլ՝ Պարույր Սեւակի անձի եւ գործի, հանրագիտակի, քաղաքացու, հայրենապաշտի ներաշխարհի ծովածավալ ալեկոծումներն ու բանարվեստում կատարած նորամուծություններն ու բազմաշերտ ներշնչանքները։

Հուշագրքի բոլոր էջերով անցնում է համագյուղացիների եւ Պարույր Սեւակի մտերմության, մարդկային ու ընկերական, փոխադարձ հարգանքի ու սիրո, ջերմագին հարաբերությունների շղթան՝ արտասանություններով, ազգային երգերով, պարերով, ժամանակի եւ մարդու, աշխարհի բարու եւ չարի մասին տարեց ու երիտասարդ համագյուղացիների դրվագային-հուշակարոտային պատկերների ուղեկցությամբ։ Մտերմական գծի այդօրինակ իմացազգացական զրույցները, ինչպես նկատել ու արձանագրել է Ռաֆիկ Կարապետյանը, զարմացնում եւ ոգեւորում էին Պարույր Սեւակին։ Այսինքն՝ բանաստեղծը երեւում է ոչ թե աստվածացման գունագծերով, այլ՝ իրական, մարդկային կերպարով, խորունկ ներաշխարհով, կենցաղով, ծաղիկ ու այգի աճեցնելիս, տուն կառուցելիս, դպրոցականների, սարվորների, օդերեւութաբանական կայանի աշխատողների հետ հանդիպելիս, նորապսակներին շնորհավորելիս, հյուրասիրելիս…

Բոլոր զրույց-հանդիպումներում նույն ինքն է՝ Պարույր Սեւակ մարդը, քաղաքացին՝ առինքնող, խորագիտակի հայացքով։ Իսկ համագյուղացիների հետ Գնդասար եւ Անանուն լեռնանցք այցելության ժամանակ, ինչպես դա վկայում է հեղինակը, բոլորովին կերպարանափոխվում էր, ասես փորձում էր գիրկն առնել հայրենի բնաշխարհը, ձուլվել նրա խորախորհուրդ «էության» մեջ… Եվ մեկեն մանկապատանեկան տարիների հուշերը մերթ տխրամած, մերթ կարոտակեզ պատկերներ են գծում բանաստեղծի դեմքին՝ հայացքով թափանցելով ժամանակի եւ մարդու կապերի հեքիաթային ու մերօրյա վերապրումներին հատուկ տխրությամբ։

Հուշերի շարքի մեջ իր ծավալով, բազմաճյուղ կառուցվածքով, բնույթով ու բովանդակությամբ առանձնանում է «Պարույր Սեւակի 50-ամյակի միջոցառումը իր ծննդավայրում» պատումը։ Սովորական իմաստով դա «հերթական միջոցառում» չէր, որ նախաձեռնել էր Զանգակատուն գյուղի դպրոցի տնօրեն Վարազդատ Գրիգորյանը, որովհետեւ 1974 թ. հունվարի 24-ը սովորական տարեթիվ եւ օր չէր։ Ռաֆիկ Կարապետյանի պատմելով, թեեւ տարվա ձմռան եղանակը ձյունաշատ չէր, բայց խիստ ցուրտ էր։ Երեւանից ժամանած գրողների, ասմունքողների, բանաստեղծների պատվիրակությունը ղեկավարում էր Ռուբեն Զարյանը, իսկ Վեդիի շրջանի առաջավոր դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները ներկայացան կուս. շրջկոմի երկրորդ քարտուղար Գուրգեն Միսակյանի գլխավորությամբ։

Պատվիրակները, ինչպես մանրամասն նկարագրվում է գրքում, ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին բանաստեղծի շիրիմին, նրանց հետ՝ նաեւ գրեթե ողջ գյուղը։ Այնուհետեւ բոլորեքյան այցելեցին Պարույր Սեւակի նորակառույց տուն, ծանոթացան հնամենի ոճով կահավորված սենյակներին։ «Այցելուները մտովի տեսնում էին բանաստեղծին՝ ծալապատիկ նստած գրելիս՝ մեջքով հենված պապենական բարձերին… Հետո մտան այգի, որտեղ արդեն հասակ էր առել բանաստեղծի ձեռքով տնկած նորատունկ այգին…»,– գրում է Ռաֆիկ Կարապետյանը։ Այնուհետեւ դպրոցում հյուրերին դիմավորելուց հետո տնօրեն Վ. Գրիգորյանն առաջարկում է միջոցառումը ղեկավարելու համար խոսքը փոխանցել Գուրգեն Միսակյանին. «Հարգելի բարեկամներ, ուսուցիչներ եւ սիրելի աշակերտներ, ինչպես գիտեք, մեր բոլորի սիրելի պոետ Պարույր Սեւակը 1971 թ. հունիսի 17-ին ավտովթարի ենթարկվեց եւ մահացավ, ցավ պատճառելով ոչ միայն հարազատներին, համագյուղացիներին եւ իր ընկերներին, այլեւ ամբողջ հայությանը։ Ուստի խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք հանճարեղ բանաստեղծ Պարույր Սեւակի հիշատակը»։ Ապա տնօրեն Վ. Գրիգորյանը ներկայացնում է հյուրերին՝ անդրադառնալով Պարույր Սեւակի կենսագրությանը եւ տոհմաբանությանը։

Իրենց ելույթներում Ռուբեն Զարյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, արձակագիր Հովհաննես Մելքոնյանը հանդես եկան հուշերով ու բանաստեղծի ստեղծագործությունների գնահատանքի խոսքերով, իսկ արտիստներ Վոլոդյա Աբաջյանը եւ Վերա Հակոբյանը ասմունքեցին բանաստեղծի տարբեր տարիների գործերից։ Րոպեներ անց դահլիճը ոգեկոչեց, ալեկոծեց երգահան ու երգիչ Հայրիկ Մուրադյանը՝ կատարելով Վասպուրականի երգերից «Գութանը», որը Պարույր Սեւակի սիրած երգերից էր։
Դպրոցի տնօրեն Վարազդատ Գրիգորյանը, լինելով այդ միջոցառման կազմակերպիչն ու զեկուցողը, հանգամանորեն անդրադարձավ բանաստեղծի կյանքին ու գրական ժառանգությանը՝ «Անմահները հրամայում են», «Սիրո ճանապարհը», «Նորից քեզ հետ», «Մարդը ափի մեջ», «Անլռելի զանգակատուն», «Եղիցի լույս» եւ մյուս ժողովածուներին, ինչպես նաեւ «Սայաթ-Նովա» աշխատությանը եւ մի շարք գրականագիտական հոդվածների։ Վ. Գրիգորյանը սեփական խորիմաստ վերլուծություններով հիմնավորեց բանաստեղծի տեղն ու դերը հայրենի գրականության մեծերի շարքում, մեծեր, որոնք «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած…»։

Գրքի վերջին՝ «Սկիզբն ու վերջը» խորագրով նյութից տեղեկանում ենք, որ տասը ձիգ տարիներ աքսորում տառապած համագյուղացի քարագործ վարպետ Սամվել Գրիգորյանը, վերադառնալով գյուղ, Ուլգյուր սարի սառնորակ աղբյուրներից մեկը կոչել է Պարույր Սեւակի անունով եւ աղբյուրի մոտ բազալտից քանդակել մի ընդարձակ սեղան, ութ աթոռներով, որոնցից մեկի վրա փորագրել է. «Այստեղ նստել է Պարույր Սեւակը, 10.09.1966 թ.»։ Այս հուշաղբյուրը համագյուղացիների եւ հարեւան գյուղերի բնակիչների համար դարձել է սրբատեղ-ուխտատեղի։

Ամփոփենք. Ռաֆիկ Կարապետյանի «Իմ հուշերը Պարույր Սեւակի մասին» հուշագիրքը ընթերցողին գրավում է փաստական հարուստ բովանդակությամբ, շարադրանքի անկեղծ, մտերմական եւ հուզական շնչով։ Հեղինակը կարողացել է համոզիչ ձեւով ներկայացնել մեծ բանաստեղծի ճշմարիտ եւ ամբողջական դիմանկարը։

Հուշագիրքը բարեխղճորեն խմբագրել եւ սրբագրել է Արմենակ Ղազինյանը։

Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30