Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսը համախմբված է պատերազմի օրերին

Նոյեմբեր 09,2020 12:00

Փոխհամայնքապետը վստահ է՝ սյունեցուն հնարավոր չէ կոտրել

Պատերազմը սկսվելու առաջին իսկ օրվանից Գորիսի մի խումբ պատանիներ, կամավորականներ եւ արցախցիներ համախմբվելով փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի շուրջը, 24-ժամյա ռեժիմով բեռնաթափում, դասավորում, տեսակավորում, հաշվառում, բարձում եւ օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ սահմանին կանգած մեր զինվորներին։ Նրանք կատարում են եւ կազմակերպչական, եւ ֆիզիկական աշխատանքներ։

Մեզ հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը նշեց, որ Գորիսում բոլորը մեղվի պես աշխատում են՝ միասնական ու իրար օգնելով. «Ոչ մի ջանք չենք խնայում, որպեսզի Գորիս տեղափոխվածներն ապահով ձեռքերում լինեն: Մենք փորձում ենք սննդով ապահովել բոլորին: Նաեւ ամեն ինչ արվում է, որպեսզի սահմանին հանգիստ լինեն, որ իրենց ընտանիքների համար այստեղ որքան ապահով է»: 

Թե ինչպես են ընթանում կամավորական աշխատանքները, ինչ դժվարությունների են հանդիպում երիտասարդները, այս մասին էլ զրուցեցինք Սոնայի հետ, որը նույնպես մասնակցում է կամավորական աշխատանքներին: «Սկզբում դժվարություններ կային, որոնք գուցե պայմանավորված էին ներսի լարվածությամբ, կազմակերպչական աշխատանքներով, սակայն հիմա ամեն ինչ անցել է: Մեր համախմբվածության շնորհիվ հաղթահարում ենք յուրաքանչյուր բարդություն: Աշխատանքները իրականացվում են հետեւյալ ձեւով. նախ առանձնացնում ենք սնունդը կամ հագուստը, հետո բաժանում ենք հավասար չափով եւ արդեն հավաքագրում ու դասավորում: Այս ամենը կատարվում է երկու տարբերակով՝ թղթային եւ օնլայն: Ունենք ծրագիր, որով կատարում ենք հաշվարկները եւ գրանցումները»:

Թեմայի վերաբերյալ փոխհամայնքապետը նաեւ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով. «Գորիսն ինչպես խաղաղ պայմաններում էր ուժեղ, զորացող, այնպես էլ պատերազմական իրավիճակում է կազմակերպված։ Հայի ուժը հենց բացառիկ միասնականության մեջ է, հայի արյան ու գենի մեջ է, որն էլ մեր հավատի ու հայրենիքի հիմքն է։ Պատմությունն ապացուցել է, որ սյունեցուն հնարավոր չէ կոտրել, հային հնարավոր չէ հաղթել:

Մենք տարբերվող ազգ ենք՝ դժվարին պահին համախմբվող, շուտ կողմնորոշվող, չհանձնվող, մինչեւ վերջ պայքար մղող։ Աստված մեր բոլոր տղաներին պահապան լինի, մենք միշտ էլ կարող ենք ժամանակավոր բարդությունները պատվով հաղթահարել»։

Սոնա ՔՅԱՐՈՒՆՑ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30