Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի A սերիայի 7-րդ տուրում «Ջենուայի» հետ արտագնա խաղում երեք գնդակ անցկացրեց տանտերերի դարպասը՝ դառնալով իր թիմի խփած բոլոր գոլերի հեղինակը:
Հանդիպումից հետո Մխիթարյանը ասել է. «Ես խաղից առաջ շփվել եմ Էդին Ջեկոյի հետ: Նա ինձ ասաց, որ պետք է գոլ խփեմ: Ջեկոն մեզ հարկավոր է: Հույս ունենք, որ նա շուտ կվերադառնա: Ամեն մի խաղացող կարեւոր է մեր համար: Ես այստեղ եկա անցած տարի, եւ դժվար էր վնասվածքներից հետո վերադառնալ մարզավիճակի: Հիմա ամեն բան կարգին է, ես մշտապես խաղում եմ, ցուցադրում բոլոր լավագույն որակներս: Շնորհակալ եմ թիմակիցներին, որ ինձ օգնում են: Մենք լավ խաղացողներ շատ ունենք եւ ունակ ենք հասնել ամենաբարձր մակարդակի: Մենք շատ ենք աշխատում եւ կանենք ամեն բան, որպեսզի հասնենք մեր ուզածին»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է DAZN-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ