«Շուշի քաղաքի մեջ եւ շրջակա հարակից տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհների վրա մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, եւ այս պահին որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալի թուլացած է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Սաստիկ է եղել նաեւ Բերձորի ուղղությամբ: Թշնամին մի քանի անգամ փորձել է ճեղքել եւ դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար՝ փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով զգալի կորուտներ՝ հետ է շպրտվել, ավելին՝ դիմել է փախուստի»,-հավելեց նա:
«Իրավիճակն ընդհանուր առմամբ կարելի է համարել դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամուն թույլ չտալ որեւէ ուղղությամբ հաջողություն զարգացնել, բայց մարտերն ընթացքի մեջ են: Գիշերային ժամերին արդեն 3-4 օր է ճակատամարտը շարունակվում է»,-շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Շուշին գրավելու մասին Ադրբեջանի նախագահի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ հայկական համացանցում դրան հաջորդել են տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ:
Կարդացեք նաև
«Նորից եմ ասում՝ մեր զորքերը կռվում են անձնուրաց: Մեր հրամանատարներից շատերն անգամ խախտելով մարտավարության կանոններն ու տրամաբանությունը՝ զենքը ձեռքին բարձրաստիճան հրամանատարությունն իջնում է զորքի կողքին կանգնելու եւ կռվելու, խփում հակառակարդի տանկն ու զրահամեքենան, զինվորի եւ զորքի հետ կռվում մինչեւ վերջին բնագիծը: Հետեւաբար, չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին եւ Շուշիի ճակատամարտի ավարտին: Վստահ եմ, որ մեր զորքն այն փառքով է ավարտելու եւ հաղթելու ենք: Վստահենք մեր զորքին եւ սպասենք»,-հանրությանը դիմեց Հովհաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ