«Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց չարիք պատճառելուց», գրված է հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատի ձեռքով, որով երդվում են բոլոր բժիշկները իրենց գործունեությունը սկսելուց առաջ: Դեռ նոր էր երդվել, երբ պահանջ դրվեց այն առարկայնացնել, առարկայնացնել՝ այն էլ խղճի և կյանքի գնով: Երդումը պահեց և մինչև վերջին շունչը դրան հավատարիմ մնաց մերօրյա հերոս՝ 2020 թվականի սեպտեմբերին Արցախում սկսված ադրբեջանաթուրքական վարձկան ահաբեկիչների դեմ պատերազմի ընթացքում մասնագիտական պարքը կատարելիս հերոսաբար զոհված Սաշա Ռուստամյանը, ում համար մարդկային կյանքը և հայրենիքը վեհ էին ամենից:
Սաշա Ռուստամյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Մանկության 3 տարիներն անցկացրել է Բելառուսի Հանրապետությունում՝ քաղաք Գրոդնոյում, որից հետո վերադարձել է Հայաստան և կրթություն ստացել Երևանի Հովհաննես Շիրազի անվան, այնուհետև համար 115 դպրոցներում: Սաշան սովորում էր գերազանց, վայելում էր ուսուցիչների սերն ու հարգանքը, բայց ամենին զուգահեռ համեստ էր և կշռադատված՝ ինչպես հասուն մարդը: Սաշա Ռուստամյանի դպրոցական ընկերներից մեկը՝ Լ. Մարտիրոսյանը, հիշում է, որ Սաշան ժամանակին դպրոցում բոլորին անխոնջ սովորեցնում էր ու երբեք չէր տրտնջում, որ խլում էին իր այդքան թանկագին ժամանակը.
«Հիշում եմ՝ միասին մաթեմատիկա էինք պարապում: Ինքը շատ արագ յուրացնում էր ուսուցչուհու ասածը, իսկ ես ավելի բարդ էի հասկանում: Ինձ անհասանելի էր թվերի այդ խառնիխուռն աշխարհը, ու երբ ընկճվում էի, օգնության էր հասնում Սաշը: Այնքան խնամքով, համբերատար ու կոկիկ էր բացատրում ամեն ինչ, որ անհնար էր չհասկանալը: Սաշը ի ծնե հումանիստ էր, համբերատար ու բարի հումանիստ, ում անհնար էր չհարգելը ու չսիրելը: Հիշում եմ՝ մի անգամ շատ երկար բացատրեց ու վերջում արդեն հուսահատված հարցրեց՝ հը՞ն, հասկացա՞ր, իսկ ես անմեղ հայացք ընդունած ասեցի՝ հը-ըն: Այ հիմա հասկացա, Սաշ ջան, հիմա հասկացա, որ պատիվ եմ ունեցել ճանաչել մեծ հայրենասեր մարդու, ում անունը պետք է տեղ գտնի մեր պատմության դասագրքերում»:
Կարդացեք նաև
Մարդասիրական մղումներն էլ հենց առաջնորդեցին նրան կյանքի կարևոր որոշումներից մեկը կայացնելիս: Որոշված էր՝ պետք է բժիշկ դառնա: Փրկել մարդկանց կյանքերը՝ սա էր նրա կյանքի առաքելությունն ու նպատակը: Որոշումը հստակ էր և անբեկանելի: Եվ հա, գերազանցությամբ ավարտելով ավագ դպրոցը՝ ընդունվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ և 7 տարի ուսանելուց հետո՝ 2020 թվականին, որպես բժիշկ- լեյտենանտ դուրս եկավ այնտեղից՝ միտված կատարելու իր սուրբ պարտականությունները և հավատարիմ մնալու հայրենիքի և Հիպոկրատի երդմանը:
Մասնագիտական օգնություն կատարելու պահանջը երկար սպասեցնել չտվեց: Սեպտեմբերի 27-ին հակառակորդի հարձակման չարաբաստիկ լուրը լսելուն պես նա հագավ իր զինվորական համազգեստը և լուռ ու պատրաստակամ գնաց՝ կատարելու իր աշխատանքը: Սաշա Ռուստամյանի հարազատ եղբայրը՝ Գուրգեն Ռուստամյանը, որը Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնի դասախոս է, պատմում է, որ երբ վերջին անգամ եղբոր հետ խոսեց սեպտեմբերի 27-ին Քարվաճառ գնալու ճանապարհին, նրա ձայնը ինչպես միշտ հանգիստ էր, չկար վախ և ընկճվածություն.
«Եղբայրս գնաց սառնասրտորեն, առանց մեկ վայրկյան հետ նայելու: Դա իրեն շատ բնորոշ էր: Նա շատ համեստ էր և քչախոս: Իր որոշումը կշռադատված և խորապես գիտակցված էր, կյանքում առհասարակ տաք գլխով որոշումներ չէր կայացնում, միշտ փորձում էր թաքցնել էմոցիաները և այդ պահերին էլ էմոցիաներին տուրք չտվեց»:
Սաշա Ռուստամյանի զինակից ընկերները պատմում են՝ պատերազմի առաջին իսկ օրերին գտնվելով սահմանում՝ նա չէր ընկրկում և հաղթահարելով վախն ու ցավը, կատարում էր իր աշխատանքը: Հենց նույն օրը «X» մարտական դիրքից ահազանգ են ստանում, որ վիրավորներ կան, ու թեև դա այդ պահին իր պարտականությունը չէր, քանզի այդ դիրքի համար նախատեսված էր այլ կին բժիշկ, նա, հաշվի առնելով լարված դրությունը, թույլ չի տալիս կնոջը մեկնել վտանգավոր դիրք, և ինքն է գնում նրա փոխարեն: Հենց ճանապարհին էլ տեղի է ունենում ողբերգական դեպքը:
5 ադրբեջանական ծագում ունեցող դիվերսանտներ հայկական համազգեստներով կանգնեցնում են մեքենան: Նա՝ որպես բժիշկ, դուրս է գալիս մեքենայից և հայտնվում թշնամու կրակաերթի տակ: Սաշա Ռուստամյանը զոհվում է կրակոցներից, իսկ վիրավոր զինվոր տեղափոխող մեքենան գլորվում է ձորը, սակայն, բարեբախտաբար, վարորդը և զինվորը ողջ են մնում, որը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ծագումով բժիշկ և մեծ հումանիստ Սաշա Ռուստամյանի սուրբ առաքելությունը լիարժեքորեն կատարված էր, մարդկանց կյանքերը՝ փրկված: Սաշա Ռուստամյանը իր ողջ կյանքը ապրեց զինվորական և ազգային արժեքներին հավատարիմ և զոհվեց իր գաղափարախոսությունը անբիծ պահելով՝ երաշխավորելով ապագա սերունդների ապրելու իրավունքը.
«Եղբայրս զոհվել է իր գաղափարների համար: Իր ապրած 26 տարիների ընթացքում որևէ կոնֆլիկտ չի ունեցել, ապրել է խաղաղ և ներդաշնակ ու վերջում էլ չզլացավ այս խառնիխուռն ժամանակներում իր կյանքով խաղաղություն քարոզել: Նա պարզապես սիրահարված էր իր աշխատանքին, մեծ հիացմունքով էր խոսում մեր զինծառայողների մասին՝ նշելով, որ նրանք իրական արծիվներն են»:
Կոչմանը հավատարիմ մնալով՝ Սաշա Ռուստամյանն էլ կատարեց իր արծվային վերջին, բայց հաղթական թռիչքը, ևս մեկ անգամ հորդորելով մեզ ապրել արժանապատվորեն և հպարտ, մնալ մարդասեր և սիրել սուրբ հողը, որտեղ ապրում ես, սիրել այնքան, որ նույնիսկ չխնայես ամենաթանկն ու անդառնալին:
«Սաշին ճանաչել եմ դպրոցական տարիներից: Անկեղծ շատ էի հարգում ու սիրում իրեն: Երբ իմացա, որ զինվորականի դառնալու ճանապարհն է բռնել, մի փոքր տխրեցի ու իրեն էլ ասեցի, որ խելքն ափսոս է, որ ավելին կարող է, ավելի վեհ բանի համար է ստեղծված: Բայց դե ոնց միշտ ինքը գերազանցեց բոլորիս ու բոլորիս սպասելիքները: Ինքը դարձավ բժիշկ-զինվորական, որ ծառայի ոչ միայն հայրենիքին, այլև մարդկային արժեքներին ու մարդուն: Սաշը, ոնց միշտ՝ գերազանցեց ինքն իրեն, իր կյանքով վաստակեց մեր ապրելու իրավունքը», – մեզ հետ զրույցում պատմում է Սաշա Ռուստամյանի դպրոցական ընկեր Ն. Վարդանյանը:
«Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ»․ ամփոփում է բժշկության հայր Հիպոկրատը: Իսկապես բարեպաշտ և անձնազոհ հերոսը հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ կմնա որպես հետագա սերունդներին կրթելու վառ օրինակ, ազգի նվիրյալ հերոսի ֆիզիկական նախատիպ, ով անմահացավ, որ մենք լինենք և ապրենք արժանապատիվ և խաղաղ հայրենիքում:
Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ