Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր կայացած «Մատ տեռորին» խորագիրը կրող շախմատի բարեգործական միջոցառման կազմակերպմանը Լեւոն Արոնյանին ակտիվ օգնում էր նրա ընկերուհին՝ Անի Այվազյանը:
Միջոցառման ավարտից հետո Aravot.am-ը զրուցեց նրանց հետ: «Շատ ուրախ եմ, որ իմ կյանքում հայտնվեց Անին: Նա շատ ջերմ ու խորը ներաշխարհ ունի: Եվ գիտեմ, որ նրա հետ կարող եմ ամեն բան հաղթահարել: Անին ինձ ուժ է տալիս: Եվ այսօրվա միջոցառման ամենաակտիվ կազմակերպիչը, թերեւս, նա է»,-ասաց Լեւոն Արոնյանը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ մասնագիտություն ունի Անին: «Նա ջազ քոլեջ է ավարտել: Հիմա սովորում է Ամերիկյան համալսարանում: Ուսումնասիրում է արտասահմանյան գրականություն»,-պատասխանեց գրոսմայստերը:
Անին մեր զրույցի սկզբում նշեց, որ այսօր իրենց անձնական կյանքից ավելի կարեւոր բաներ կան: Բայց որոշ բաներ ասաց. «Լեւոնի հետ ծանոթացանք Մարզահամերգային համալիրի մոտ մի խմբում վազելու ժամանակ: Նա իմ կյանքում դարձավ այն շատ կարեւոր մարդը, ով փոխեց իմ կյանքը: Վստահ եմ, որ ես էլ նրա կյանքն եմ փոխել: Լեւոնը մի անգամ ինձ ասաց, որ ես իրեն վերակենդանացրել եմ ու երկրորդ անգամ կյանք տվել:
Կարդացեք նաև
Ուրախ եմ, որ Լեւոնի կյանքում հայտնվել եմ նրա համար ամենածանր պահին: Միշտ լինելու եմ նրա կողքին ու օգնելու եմ ինչով կարող եմ: Թերեւս այսքանը մեր մասին: Իսկ այսօր բոլորս ունենք շատ ավելի կարեւոր խնդիրներ: Մենք մեր կյանքերը մի կողմ ենք թողել: Անձնական կյանքը, կարիերան անցել են երկրորդ պլան: Հիմա կա շատ ավելի կարեւոր արժեք՝ Հայրենիքը: Արցախը նույնպես մեր հայրենիքն է: Ամբողջ ազգը մի երազանք ունի՝ ապրելը ու հաղթելը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ապրենք: Ու բոլորս այդ երազանքի իրականացման մեջ մեր լուման ենք ունենալու: Ամեն ինչ անելու ենք, որ ապրենք: Ամեն ինչ անելու ենք, որ ծաղկենք: Ամեն ինչ անելու ենք, որ մեր ազգի շատանա, լիքը երեխաներ ունենանք, լիքը Արոնյաններ ու մեր մյուս մեծերի նմաններ»,-ասաց Անին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ