Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը «Մատ տեռորին» խորագրով իր նախաձեռնությանը մասնակցելու հրավիրել էր նաեւ Մանուել Պետրոսյանին:
Երիտասարդ գրոսմայստերը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես ծնվել ու մեծացել եմ Արցախում: Այնտեղ բազմաթիվ բարեկամներ, հարազատներ եւ ընկերներ ունեմ, որ այս օրերին առաջնագծում մարտնչում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ: Բնական է, որ խիստ անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով: Ճիշտ է, ինքս պատերազմին ֆիզիկապես չեմ մասնակցում, սակայն շախմատային աշխարհում ունեցած իմ բոլոր կապերն ու հնարավորությունները աշխատում եմ գործադրել ի նպաստ հաղթանակի, որը միայն մերը չի լինելու:
Արցախն ու Հայաստանն այսօր պայքարում են համաշխարհային ահաբեկչության դեմ, ինչը մարդկության համար մեծագույն չարիք է: Այսօր ես եւ իմ ավագ ընկեր Լեւոն Արոնյանը խաղում ենք նաեւ հանուն երեխաների, ապագա անվանի շախմատիստների, որոնց մեջ են նաեւ Արցախից եկած պատանիները: Կարծում եմ, որ այս միջացառումը նաեւ կօգնի մի որոշ ժամանակ մոռանալ այն մղձավանջները, որոնք նրանք տեսել են այս օրերին:
Կարդացեք նաև
Այսօրվա միջոցառման համար ընտրել ենք «Մատ տեռորին» խորագիրը: Եվ տեռորին Արցախում մատ են անում մեր փառապանծ զինվորները, այստեղ՝ մեր մայրերը՝ իրենց աղոթքներով ու մենք բոլորս՝ մեր միասնականությամբ»,- ասաց Մանուել Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ