Իսպանիայի թագավորության Բասկերի երկրի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջով այսօր այդ երկրում բնակվող հայերը ցույց էին կազմակերպել։
Միջոցառմանը ներկա էին Բասկերի երկրի խորհրդարանի եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը կարճ ելույթ է ունեցել հայ հոգեւորականը։ Նա, մասնավորապես, ասել է․ «Այս օրերին, իբրեւ ժողովուրդ, ուր էլ որ ապրենք, միայն մի առաքելություն ունենք՝ գործե՛լ, գործե՛լ եւ գործե՛լ, եւ յուրաքանչյուրիս գործից է կախված այս պատերազմի ավարտն ու ելքը։ Իմ խնդրանքն, աղաչանքն է ձեզ բոլորիդ, որպեսզի չխնայեք ձեր լավագույնը, որովհետեւ ինչ, որ դնենք մենք այս պատերազմում, արդյունքն էլ այդ կլինի։
Գիտեմ, որ յուրաքանչյուրդ ջանք ու եռանդ եք թափել, սակայն նաեւ պետք է նշել, որ սա բավարար չէ այս պատերազմում, պետք է կրկնապատկել , եռապատկել մեր ջանքերը, որպեսզի մեր երիտասարդները, լուսավոր սերնդի կատարած զոհաբերությունը նաեւ արժեւորվի։ Ինձ համար մահն այդքան վախենալու չէ, ինձ համար հետայսու ավելի դժվար է լինելու ապրելը, որովհետեւ, իբրեւ հոգեւորական, իբրեւ հայ մարդ նաեւ պետք է կարողանամ իրոք արժանի ապրել այդ սերնդին, որն այսօր իր կյանքն է տալիս մեզ՝ բոլորիս։ Աստված, ուժ, կարողություն եւ խնդրանք՝ աշխատեք օր ու գիշեր»։
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները խաչքարի մոտ մոմեր եւ ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ Արցախում զոհվածների։ Միջոցառումը շարունակվեց, իսպանահայերն իրենց ուղերձը հղեցին իսպաներեն լեզվով։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Բասկերի երկրի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ, որում նշվում է․ «Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»: