Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ՝ էլ ոչ մի քույր այդ կորուստը չզգա ու չապրի այն, ինչ ես եմ ապրում, ինչ իմ մայրն է զգում». հերոսի մահով զոհված Արտյոմ Առաքելյանի քրոջ ցանկությունը

Նոյեմբեր 08,2020 20:34

«Ուզում եմ, որ էլ ոչ մի քույր այդ կորուստը չզգա ու չապրի այն, ինչ ես եմ ապրում, ինչ իմ մայրն է զգում»,-Aravot.am-ի հետ զրույցում իր միակ ցանկությունը հայտնեց զոհված զինծառայող Արտոմ Առաքելյանի քույրը՝ Անահիտ Առաքելյանը:

Արտյոմ Առաքելյանը Երևանում էր ծնվել, սովորում էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Մատաղիսում: Քույրը պատմեց՝ եղբայրը զոհվել է այն օրը, երբ լրանում էր ծառայության ինը ամիսը. «Արտյոմը զոհվել է հոկտեմբերի 23-ին: Նա առաջնագծում էր՝ ամենաթեժ վայրում, դիտարկում անելիս»:

Արտյոմ Առաքելյանը տան փոքր զավարկն էր, հոկտեմբերի 31-ին կդառնար 23 տարեկան: Անահիտը պատմեց՝ եղբոր մահանալուց չորս օր հետո են իմացել նրա զոհվելու մասին. «Ճիշտն ասած դրանից տասն օր առաջ իր զինակից ընկերներից մեկը տանկում վիրավոր վիճակում վառվելուց է եղել, եղբարս իրեն փրկել է, հանել վառվող տանկից առանց մտածելու իր կյանքի մասին: Այդ տղան վիրավոր էր, եկել էր Երևան: Հենց ինքն էլ մեզ ասաց եղբորս զոհվելու մասին. զանգել էր հորաքրոջս տղային»:

Անահիտն ասաց՝ վերջին անգամ եղբոր հետ խոսել են հոկտեմբերի 20-ին: Ամեն օր զանգել են, սակայն Արտյոմին զանգ չի գնացել: Զոհված զինվորի քույրը վերհիշեց. «Արտյոմը դուխով խոսում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ոչ մի վախենալու բան չկա, այդտեղ պանիկա են անում, ինտերնետի ոչ մի բանին մի հավատացեք, ամեն ինչ նորմալ է: Ինքն էր մեզ դուխ տալիս, որ չանհանգստանայինք: Հետո էլ չզանգեց. յոթ օր լուր չունեինք: Ու հետո իր հետ ծառայող տղան էր զանգել հորաքրոջս տղային: Նրան ճանաչում էր՝ ասել է, որ Արտյոմն էլ չկա, իրեն բերել են Երևան, արդեն երեք-չորս օր է»:

Անահիտը պատմեց՝ սկզբում եղբորը սխալ ազգանունով էին Գորիսից բերել Երևան, հետո ասել էին, որ հարազատներից մեկը մոտենա տեսնի, քանի որ սխալ ազգանունով են բերել. «Եղբայրս նման էր իրեն, այնպես չէր, որ դեմքն ապականվել էր»:

Հերոսի մահով զոհված Արտյոմ Առաքելյանն անգամ չէր հասցրել ամուսնանալ, Բժշկական համալսարանի ուսանող էր: Քույրն արցունքն աչքերին պատմեց՝ երազանքն էր՝ ավարտեր համալսարանը, դառնար պապայի նման ատամնաբույժ, ունենար իր կլինիկան: Արտյոմը նաև ձեռքի շնորհք ուներ. արծաթյա կախիկներ էր պատրաստում:

Քույրը նշում է՝ Արտյոմը շատ համեստ էր բնավորությամբ, անգամ երբ ջղայնացած էր, ոչ մեկ չէր կարող գուշակել, որ նա ջղայնացած է: Նվիրված որդի, եղբայր, ընկեր էր, ոչ մեկին չէր մերժում, բոլորին օգնում էր: Քույրն ասաց. «Ով ասեր` Տյոմ ջան, մի հատ էս մի բանը կանե՞ս, պատրաստ էր ամեն ինչով օգնել, հասնել»:

Անհամբեր սպասում էր, թե երբ է վերադառնալու և կրկին սիրելու քրոջ դստերը՝ փոքրիկ Յանային: Անահիտի հետ զրույցի ընթացքում փոքրիկը նրա հետ էր: Անահիտն ասաց. «Քեռին Յանուլին վերջին անգամ երեք ամսականում է տեսել: Հետո տարան բանակ, ամեն զանգելուց հարցում էր Յանուլս ո՞նց է, Յանուլս շա՞տ է փոխվել: Ի դեպ շատ է նման քեռիին: Ասում ենք քեռիի աղջիկն է: Ամեն օր Արտյոմը սպասում էր, թե երբ է վերադառնալու, որ առաջինը Յանային տեսներ»:

 

Արտյոմը ոչ մի օր, ոչ մի րոպե չի դժգոհել զինվորական ծառայությունից, զորակոչվելուց էլ համաձարկությամբ է գնացել, ծնողներին, ընկերներին ասել՝ գնամ, պարտքս կատարեմ ու վերադառնամ նպատակներիս հասնեմ:

Անահիտի ու նրանց ընտանիքի վիշտն անսահման է, ցավը մեծ, սակայն եղբորը կորցրած քույրն ասում է՝ որքան մեծ է ցավը, այնքան մեծ է հպարտությունը, բայց միևնույն ժամանակ նշում. «Անկեղծ եմ ասում՝ ուզում եմ այս ամենը մեկ վայրկյան շուտ վերջանա: Երևի հիմա հերոս ասվածն ավելի շատ սփոփանք է բոլորի սրտերի համար: Զոհված տղաների մասին ինչքան էլ ասենք հերոս է դարձել, անմահացել է, բայց մեկ է ցավը դրանից չի թեթևանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտյոմ Առաքելյանի քույրը՝ Անահիտ Առաքելյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30