Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը եւ արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում 20 տաղանդավոր պատանի շախմատիստների հետ «Մատ տեռորին» խորագիրը կրող բարեգործական միաժամանակյա խաղի սեանս անցկացրին 20 խաղատախտակների առջեւ: Միջոցառման ընթացքում կայացավ Լեւոնի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լեւոն Արոնյան» գրքի վաճառքը եւ անվանական ստորագրումը, որից գոյացած ամբողջ գումարը կփոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամի» հաշվեհամարին:
Նախաձեռնության մեկնարկից առաջ Լեւոն Արոնյանը շփվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին:
-Լեւոն, դու ինքդ կոչ էիր անում, որ պետք է դատապարտել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ, իսկ հիմա կոնկրետ քայլերի ես դիմում: Ի՞նչ կասես քո բազմահազար երկրպագուներին:
-Մենք գիտենք, որ 21-րդ դարի մեծագույն խնդիրը ահաբեկչությունն է եւ դրա շատ օրինակներ ենք տեսել: Հիմա մենք դարձել ենք ահաբեկչության դեմ պայքարի ռուբիկոնը: Սա միայն մեր կռիվը չէ: Սա ամբողջ հայ ժողովրդի, համաշխարհային մշակույթի գոյության հարցն է, որի համար մենք պայքարում ենք:
Կարդացեք նաև
Ես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ մշակույթի, սպորտի, թե ցանկացած այլ ոլորտի ներկայացուցիչ, անի ամեն բան մեր փառապանծ զինվորներին աջակցելու համար, այն հերոսներին, որոնք այսօր իրենց կյանքը չխնայելով պայքարում են 21-րդ դարի ամենամեծ խնդրի դեմ: Համոզված եմ, որ մեր միասնության պարագայում մենք մատ կհայտարարենք տեռորին եւ կհաղթենք:
-Դու բազմաթիվ ընկերներ ունես շախմատում եւ խաղատախտակից դուրս: Նրանք պատկերացում ունե՞ն, թե իրականում ինչ է կատարվում Արցախում եւ Հայաստանում: Եվ ի՞նչ են ասում:
–Իհարկե տեղյակ են: Շատերի հետ մշտապես կապի մեջ եմ: Ուզում ենք ինչ-որ բան անել՝ Արցախին ու Հայաստանին օգնելու համար: Սակայն բոլորը չէ, որ հասկանում ու պատկերացնում են իրավիճակի լրջությունը: Մարդիկ կան, որոնց հետ ես երեւի թե ապագայում չեմ շփվի, որովհետեւ իրենք իրենց ոչ կոռեկտ բաներ են թույլ տվել: Բայց շախմատից դուրս եւ շախմատում իմ ընկերների մեծամասնությունը այսօր մեր հետ է: Ճիշտ է, ոմանք իրենց աջակցությունը ակներեւ ցույց տալ չեն կարող, որովհետեւ իրենց երկրները Ադրբեջանում եւ Թուրքիայում շահեր ունեն: Սակայն հաստատ իմացեք, որ ֆինանսապես մեզ օգնում են:
Օրերս հարցազրույց էի տալիս: Եվրոպացի լրագրողն ինձ հարցնում է, թե Եվրոպան ի՞նչ կարող է անել ձեզ օգնելու համար: Ես պատասխանեցի. Եթե 105 տարի առաջ դուք ոչինչ չարեցիք եւ հիմա նույնպես թույլ եք տալիս, որ ագրեսոր ահաբեկիչը ոչ մի մեղավորություն չզգալով եւ աշխարհից չքաշվելով կրկին իր սեւ գործն անի, ինչի՞ մասին մենք կարող ենք խոսել: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր թշնամու իրական դեմքը ցույց տալու համար, որը մեր դեմ օգտագործում է ամենաանմարդկային զենքերը:
Ես ուզում եմ, որպեսզի անգամ պատերազմի պայմաններում մեր մշակույթն էլ ավելի բարձրանա, որ նոր սերունդը ապրի ահաբեկչության վտանգներից դուրս:
-Ո՞րն է այսօրվա միջոցառման գլխավոր մեսիջը:
-Մենք պետք է այսօր պայքարենք ոչ միայն մարտի դաշտում, այլեւ մշակույթում, սպորտում, գիտության մեջ, ամեն-ամեն տեղ: Իսկ պայքարելու համար մեզ անհրաժեշտ է սառնասրտություն եւ ոգեւորություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ